Ինձ մեկ է՝ ԲՀԿ–ն կանցնի, թե չի անցնի. թողեցինք, որ ընտրակաշառք բաժանելով պարտվեին, որ բերանները լեզու չմնա. Ավինյան

ԿԸՀ–ի այդ որոշման հետևանքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1200-ից ավել ձայն է կորցնում, բայց անկեղծ եմ ասում, նույնիսկ այդ դետալները ինձ հետաքրքիր չեն, որովհետև մի կարմիր գիծ է հատվել, մի ռուբիկոն է հատվել ընդդիմության կողմից, որը այլ մոտեցման է բերելու իշխող ուժի կողմից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները, որի հետևանքով ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն և չի անցնում նոր խորհրդարան, և սա ընդդիմադիրները դիտավորություն են համարում։

Դիտարկմանը, որ դա կարող է վճռորոշ լինել «Բարգավաճ Հայաստանի» համար, Ավինյանն ասաց. «Անկեղծ եմ ասում, ինձ այնպես մեկ է, «Բարգավաճ Հայաստանը» կանցնի, թե չի անցնի։ Ընտրակաշառք բաժանող բարգավաճհայաստանները,  ուժեղհայաստանները, Հայաստան դաշինքները, առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպիտի ունենան։ Ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պիտի արմատախիլ արվի, սա է իմ քաղաքական դիրքորոշումը, մնացած դետալները բացարձակ հետաքրքիր չեն»։

Նա նկատեց, որ 2018–ին հեղափոխությունը տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում էին ընտրակաշառքով և այլ տարբեր մեթոդներով. «2018–ից մինչ այսօր, մինչ այսօր որևէ մեկը էականորեն չէր փորձել այս ծավալի ընտրակեղծարարություն իրականացնել։ Հիմա այդ փորձը կատարվել է, այդ ռուբիկոնը անցել են, այդ կարմիր գիծը հատել են և իրենք պատժվելու են։

ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, նաև գիտեն այն մարդիկ, որոնք այդ փողը վերցրել և գնացել, ընտրել են ՔՊ–ին։ Նիսիայի տետրերը , գիտեն սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները ոնց են իրար մեջ բաժանել։

Նաև ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, որոնք իհարկե գործել են, բայց ծավալը այնքան մեծ է եղել, որ նույնիսկ նրանք չէին կարող այս ամբողջ ծավալը փակել»։

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, որ կենսաթոշակները 10 հազարով բարձրացնելը ևս ընտրակաշառք է, Երևանի քաղաքապետն ասաց. «Ես չեմ բացառում, որ մեր ընդդիմությունը ունի իրավունք ապուշ լինելու և կառավարության փաստացի պարտականությունները համար որպես ընտրակաշառք։

Կառավարությունը 2018–ից սկսած, գրեթե ամեն տարի անդրադարձել է թոշակների հարցին։ Ասեմ ավելին, հենց նոր ես բյուջեի զեկույց էի ներկայացնում, որտեղ խոսում էի 2025 թվականին, որը նախընտրական տարի չէր, աշխատավարձերի բարձրացման մասին մանկապարտեզներում, մեր մշակույթի տներում, մարզադպրոցներում, գրադարաններում, թանգարաններում, թատրոններում և այդպես շարունակ։ Դա մեր պարտականությունն է։

Ասեմ ավելին, 2025–ին Երևանի քաղաքապետարանի ենթակառույցների բոլոր աշխատակիցները՝ կանաչապատման, ԵԱՍՄ աշխատակիցները ունեցել են առողջապահական ապահովագրություն։

Թոշակների բարձրացումը եղել է կառավարության հետևողական աշխատանքը, ամեն տարի է այս տեսակ աշխատանք իրականացվել»։

Դիտարկմանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օր ընտրակաշառքների վերաբերյալ ձայնագրություններ էր հրապարակում, ինչո՞ւ իշխանությունները համապատասխան քայլեր չարեցին, Ավինյանն արձագանքեց. «Գիտե՞ք՝ ինչի, որովհետև հետո էլ հինգ տարի լացն էր լինելու այդ ուժերի, որ մեզ ընտրապայքարից հանեցին։ Թող մնային ու այ հենց այսպես պետք է իրենք պարտվեին ընտրություններում, ընտրակաշառք բաժանելով պիտի պարտվեին, որ բերանները նույնիսկ լեզու չմնար, ու հիմա բերանները լեզու չի մնացել։ Այո, նրանք պատժվելու են, պատժվելու են համակարգային և Հայաստանի Հանրապետությունից ընտրակաշառք բաժանողների տեսակը վերանալու է»։

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51)  արդյունքները։

ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:

Նշենք, որ Սյունիքի 35/65-ը այն տեղամասն է, որտեղ ժամը 20–ից հետո տևական ժամանակ քվեարկություն էր ընթանում, քվեարկում էին զինծառայողները։ Ընտրության հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դրա մեջ խնդիր չէր տեսել՝ նշելով, որ ժամը 20–ից առաջ զինվորները մտել են տեղամաս և իրավունք ունեին քվեարկել ու դուրս գալ։

Հատկանշական է, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *