Չինաստանը դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին և միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու իր ընկերություններին ու քաղաքացիներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պատժամիջոցները չինական ընկերությունների դեմ՝ Իրանին իբր զենք մատակարարելու համար։
«Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավական հիմք և չեն արժանացել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանը»,- նշել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Պեկինը «կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ վճռականորեն պաշտպանելու իր ձեռնարկությունների և քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը»։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր պատժամիջոցներ սահմանելու և ընդլայնելու մասին, մասնավորապես, Բելառուսի և Չինաստանի ընկերությունների նկատմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) համար իբր դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու համար։