CNN․ Իսրայելը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել իրանական ակտիվների ապասառեցումից

Իսրայելը ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել իրանական ակտիվների ապասառեցումից՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շրջանակում, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով կողմերի միջև խորհրդակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարբերաբար բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Այդպիսի զրույցներից մեկը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի այն երկրների թվում է, որոնք աջակցում են Իրանի հետ հնարավոր համաձայնագրին։

Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը, իբր, հաստատել է ապագա գործարքի մի քանի առանցքային պայմանների նկատմամբ իր հանձնառությունը։

Դրանց թվում են՝ Իրանի հարստացված ուրանի դուրսբերումը, Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժումը, երկրի հրթիռային ներուժի սահմանափակումը և տարածաշրջանում դաշնակից զինված խմբավորումների աջակցության դադարեցումը։

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի հետ շուտով համաձայնության հասնելու մասին Թրամփի հայտարարությունն անակնկալ էր դարձել Նեթանյահուի համար։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ մեկնաբանությունների հրապարակման պահին Իսրայելի վարչապետն անվտանգության կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն էր անցկացնում՝ նվիրված հենց իրանական հարցին։

Ուրբաթ Նեթանյահուն կրկին ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ Իսրայելի կոշտ դիրքորոշումը։

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», — հայտարարել է նա։

CNN-ի աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելը շարունակում է ծայրահեղ կասկածամտորեն վերաբերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին և կարծում է, որ Իրանը դրանք չի վարում բարեխղճորեն։ Երուսաղեմում նաև կարծում են, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը պարտադիր չէ, որ հանգեցնի լիարժեք վերջնական համաձայնագրի կնքման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *