Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր չէ միջամտել Լիբանանի ներքին գործերին։ Դրա մասին լիբանանյան ուղղությամբ Սիրիայի հնարավոր դերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից մի քանի օր անց Ֆրասպրես գործակալությանը հայտնել են հանդիպման երկու մասնակիցներ։
Հանդիպմանը ներկա եղածներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ աշ-Շարաան Դամասկոսի նահանգի տասնյակ վերնախավի ներկայացուցիչների և երևելի գործիչների հայտարարել է, թե «տարածվող լուրերը Լիբանան Սիրիայի հնարավոր մուտքի մասին ոչ այլ ինչ են, քան բամբասանքներ»։
Ավելի վաղ Սիրիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ աշ-Շարաան հանդիպում է անցկացրել Դամասկոսի պալատում, որտեղ քննարկվել են տարածաշրջանի բնակիչների զարգացման և ծառայությունների մատուցման հարցերը։ Սակայն պաշտոնական հայտարարության մեջ Լիբանանի մասին նրա խոսքերը չէին հիշատակվում։
Այս հայտարարությունները հնչել են Լիբանանում Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև շարունակվող բախումների ֆոնին՝ չնայած ավելի վաղ Վաշինգտոնում հայտարարված հրադադարի մասնակի ռեժիմին։ «Հըզբոլլահը» մերժել է համաձայնագրի պայմանները, որոնք, ըստ նրա, չեն պարունակում հարձակումները դադարեցնելու կամ զորքերը դուրս բերելու մասին Իսրայելի պարտավորությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե աշ-Շարաան իբր պատրաստ է օգնություն ցուցաբերել «Հըզբոլլահի» դեմ գործողություններում։
«Ես կցանկանայի տեսնել ավելի թիրախային հարվածներ «Հըզբոլլահին»։ Դրանք պետք է լինեն ավելի վիրաբուժական գործողություններ։ Եվ մենք կարող ենք օգնել նրանց այդ հարցում կամ կարող ենք խորհուրդ տալ Սիրիային»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ սիրիական ղեկավարությունը «լավ է գլուխ հանում», և որ երկրի նախագահը «կարճ ժամանակում զգալի առաջընթացի է հասել» ու «կցանկանար օգնել»։
Սիրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբան հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսն աջակցում է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին «Լիբանանի անվտանգության և ինքնիշխանության պահպանման» հարցերում։
Նրա խոսքով՝ «եղբայրական Լիբանանի հետ համակարգումն իրավիճակի կարգավորման գործում Սիրիայի ցանկացած հնարավոր դերի հիմքն է»։
Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ ալ-Բաբան նշել է, որ «սիրիական և լիբանանյան կողմերն ամենալավն են ի վիճակի մեկնաբանելու այդ հայտարարությունները և մշակելու մի բանաձև, որն ընդհանուր արաբական հայեցակարգի շրջանակում կբխի երկու երկրների շահերից»։
Սիրիան նախկինում սերտորեն կապված է եղել «Հըզբոլլահի» հետ և տասնամյակներ շարունակ զգալի ազդեցություն է պահպանել Լիբանանում՝ զորքերը դուրս բերելով միայն 2005 թվականին՝ բազմամյա ռազմական ներկայությունից հետո։ «Հըզբոլլահն» իր հերթին աջակցում էր Սիրիայի այժմ տապալված նախագահ Բաշար Ասադի կառավարությանը։