
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ։ Որոշումը հրապարակվել է հանձնաժողովի այսօրվա նիստում։
«ՀՌՀ-ն որոշեց «ՇԱՐԿ» ՍՊԸ նկատմամբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը խախտելու համար կիրառել 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 400․000 ՀՀ դրամով, նաև Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները խախտելու համար կիրառել գրավոր նախազգուշացում:
Հանձնաժողովը մայիսի 21-ին իրականացրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» տեսալսողական ծրագրի մայիսի 20-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և Օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։
Ըստ Արձանագրության` «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում խախտվել է կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվության ներկայացման պահանջը։
Հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ։