ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել 111 միլիարդ դոլար արժողությամբ գործարքին, որով Paramount և Warner Bros. Discovery ընկերությունները կմիավորվեն Skydance-ի վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Այս որոշումը շրջադարձային փուլ է համաշխարհային ժամանցային ինդուստրիայի պատմության մեջ ամենախոշոր գործարքներից մեկի իրագործման ճանապարհին։ Միավորման գործընթացի վերջնական ավարտից հետո մեկ հարկի տակ կհավաքվեն այնպիսի հանրահայտ բրենդներ, ինչպիսիք են CNN-ը, HBO-ն, CBS-ը, Showtime-ը, Nickelodeon-ը, ինչպես նաև DC Studios և New Line Cinema կինոստուդիաները։
Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ անցկացրել են «մանրակրկիտ հետաքննություն» և հանգել այն եզրակացության, որ այս միավորումը չի վնասի շուկայական մրցակցությանն ու ամերիկացի սպառողների շահերին։
«Առաջարկվող գործարքն, ամենայն հավանականությամբ, կխթանի մրցակցությունը մեդիա և ժամանցային տիրույթում, ինչն իր հերթին ձեռնտու կլինի ամերիկացի սպառողների ու ոլորտի աշխատակիցների համար», — նշված է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։
Այդուհանդերձ, գործընթացը դեռ ավարտված չէ։ Մի շարք նահանգներ, այդ թվում՝ Կալիֆոռնիան, շարունակում են սեփական քննությունները։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ արդյունաբերության հետագա խոշորացումը կհանգեցնի մրցակցության անկման և կմեծացնի ոլորտի աշխատակիցների վրա գործադրվող ճնշումը։
Հոլիվուդում առանձնակի մտահոգություն է առաջացնում հաստիքների նոր կրճատումների հավանականությունը։ 2025 թվականին Skydance-ի և Paramount-ի միավորումից հետո ընկերությունն արդեն իսկ կրճատել էր աշխատակիցների մոտ 10%-ին։ Ավելի քան 1400 դերասաններ, ռեժիսորներ և պրոդյուսերներ բաց նամակ են ստորագրել և դեմ արտահայտվել այս գործարքին։
Հեղինակները զգուշացնում են․
«Արդյունքում կունենանք բովանդակություն ստեղծողների հնարավորությունների սահմանափակում, աշխատատեղերի կրճատում, ծախսերի աճ և ավելի քիչ ընտրության հնարավորություն հեռուստադիտողների համար»։
Գործարքը նաև քաղաքական քննարկումների տեղիք է տվել։ Skydance-ի ղեկավար Դեվիդ Էլիսոնը միլիարդատեր Լարի Էլիսոնի որդին է, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր հովանավորներից է։ Այս համատեքստում առանձնակի ուշադրության է արժանանում CBS News-ի և «60 Minutes» հաղորդման գործունեությունը, որոնք վերջերս քննադատության էին ենթարկվում խմբագրական այնպիսի որոշումների համար, որոնք, ըստ քննադատների, ձեռնտու էին Թրամփի վարչակազմին։
Եթե գործարքը վերջնականապես կայանա, Paramount-ը կվերածվի աշխարհի ամենաազդեցիկ մեդիահսկաներից մեկին՝ իր վերահսկողության տակ միավորելով լրատվական ալիքներ, սթրիմինգային հարթակներ, հեռուստացանցեր և խոշոր կինոստուդիաներ։