Anthropic ընկերությունը հայտարարել է արհեստական բանականության իր նորագույն՝ Fable 5 և Mythos 5 մոդելների հասանելիության ժամանակավոր դադարեցման մասին: Այս քայլին ընկերությունը դիմել է ԱՄՆ կառավարությունից ազգային անվտանգությանն առնչվող հրահանգ ստանալուց հետո. հայտնում է NBC News-ը։
Ընկերության տվյալներով՝ կարգադրությունն ուղարկվել է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից և պահանջում է արգելել այս մոդելների հասանելիությունը ցանկացած օտարերկրյա քաղաքացու համար՝ անկախ նրանից, թե նրանք գտնվում են ԱՄՆ տարածքում, թե դրանից դուրս։ Սահմանափակումը տարածվում է նույնիսկ հենց Anthropic-ի օտարերկրացի աշխատակիցների վրա։
Ստեղծված իրավիճակում ընկերությունը ստիպված է եղել երկու մոդելներն էլ ամբողջությամբ անջատել բոլոր օգտատերերի համար։
«Այս կարգադրության իրական հետևանքն այն է, որ պահանջների լիարժեք կատարումն ապահովելու համար մենք պետք է անհապաղ անջատենք Fable 5-ն ու Mythos 5-ը մեր բոլոր հաճախորդների համար», — ասված է Anthropic-ի հայտարարության մեջ։
Սա կարող է դառնալ առաջին դեպքը, երբ ԱՄՆ իշխանություններին հաջողվում է հանրային տիրույթից հեռացնել արհեստական բանականության առաջադեմ մոդելը դրա պաշտոնական թողարկումից հետո։
Anthropic-ը Fable 5 և Mythos 5 մոդելները թողարկել էր ընդամենը մի քանի օր առաջ՝ դրանք անվանելով ընկերության պատմության մեջ արհեստական բանականության ամենահզոր համակարգերը: Ընդ որում, Fable 5-ը հասանելի էր լայն հանրությանը, իսկ Mythos 5-ը՝ գործընկերների սահմանափակ շրջանակի, այդ թվում՝ կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտի կազմակերպություններին:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իշխանություններն իրենց տեղեկացրել են ինչ-որ հնարավոր խոցելիության մասին, որը տեսականորեն կարող էր թույլ տալ շրջանցել մոդելի պաշտպանական որոշ մեխանիզմներ:
Այնուամենայնիվ, Anthropic-ը չի համաձայնել կառավարության այս գնահատականի հետ։
«Մենք չենք կարծում, որ պաշտպանական մեխանիզմների շրջանցման ինչ-որ սահմանափակ ու հնարավոր եղանակի հայտնաբերումը պետք է հիմք հանդիսանա կոմերցիոն այնպիսի մոդելի հետկանչի համար, որից օգտվում են հարյուր միլիոնավոր մարդիկ», — հայտարարել է ընկերությունը։
Anthropic-ում նաև ընդգծել են, որ խնդրի մասին ստացել են միայն բանավոր տեղեկություններ և ենթադրում են, որ նմանատիպ խոցելիություն կարող է գոյություն ունենալ նաև ԱԲ ոլորտի մյուս մշակողների համակարգերում։
Ընկերությունը հույս է հայտնել, որ որոշումը կվերանայվի, և մոտ ժամանակներս կհաջողվի վերականգնել Fable 5-ի ու Mythos 5-ի հասանելիությունը։