Եվրոպացիների միայն 11%-ն է ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարում․ հարցում

Եվրոպական միության երկրներում հարցվածների միայն 11%-ն է ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարում։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին են վկայում Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից եվրոպական 15 երկրներում անցկացված նոր, ծավալուն հարցման արդյունքները։

Շուրջ 20 հազար մարդու ընդգրկած հետազոտության տվյալներով՝ ԱՄՆ-ն որպես դաշնակից տեսնողների թիվը նվազել է. կես տարի առաջ այդ ցուցանիշը 16% էր, իսկ 2024 թվականի նոյեմբերին՝ 22%։ Ընդ որում, հարցվածների կեսը Վաշինգտոնի հետ հարաբերությունները բնորոշում է որպես «պարտադիր գործընկերություն», իսկ մոտ մեկ քառորդը՝ որպես մրցակցություն կամ նույնիսկ թշնամանք։

Զեկույցի հեղինակները վստահության այս անկումը կապում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին մի շարք որոշումների ու հայտարարությունների հետ։ Խոսքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ից դուրս գալու սպառնալիքների, Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման քննարկումների, ինչպես նաև Իրանին հասցված հարվածների մասին է, որոնց պլանավորմանը եվրոպական դաշնակիցները չեն մասնակցել։ Առանձին հիշատակվում են նաև Գրենդլանդիայի վերաբերյալ ԵՄ մի շարք երկրներում բացասական արձագանք ստացած հայտարարությունները։

Հարցումը նաև ցույց է տվել, որ եվրոպական երկրների քաղաքացիների մեծամասնությունը վստահ չէ, թե ռազմական սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն օգնություն կցուցաբերի Եվրոպային։ Այս ֆոնին ավելի է հասունանում Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու գաղափարը. հարցվածներն ավելի ու ավելի են հակվում եվրոպական պաշտպանական արդյունաբերության զարգացման և զսպման այլընտրանքային մեխանիզմների ստեղծման օգտին։

Հետազոտությունն անցկացվել է 2026 թվականի մայիսին՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Միացյալ Թագավորությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *