Հունգարիայում իշխող «Տիսա» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը միտված է հանրային մեդիայի համակարգի լայնածավալ բարեփոխմանը․ Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության օրոք երկրի ներսում և արտերկրում քննադատները դրանք փաստացի անվանում էին կառավարության խոսափող, հաղորդում է Reuters գործակալությունը։
Մեդիասեկտորի բարեփոխումը Հունգարիայի վարչապետ Պետր Մադյարի և նրա՝ ապրիլյան ընտրություններում հաղթանակից հետո իշխանության եկած կուսակցության գլխավոր նախընտրական խոստումներից մեկն էր։ «Տիսայի» ստացած սահմանադրական մեծամասնությունը նրան հնարավորություն է տալիս վերանայել նախկին մեդիաբարեփոխումները, որոնք Օրբանի ընդդիմախոսները համարում են ժողովրդավարական ինստիտուտները խաթարող։
Օրինագծի համաձայն՝ փոփոխությունների հիմնական նպատակը անկախ, թափանցիկ և հաշվետու հանրային հեռարձակման վերականգնումն է։
Փաստաթուղթը նախատեսում է MTVA մեդիահոլդինգի վերակազմավորում․ նախատեսվում է այն բաժանել առանձին կառույցների, որոնք պատասխանատու կլինեն ռադիո- և հեռուստահեռարձակման համար, ինչպես նաև վերականգնել MTI-ն՝ որպես ինքնուրույն ազգային լրատվական գործակալություն։
Բացի այդ, առաջարկվում է ստեղծել հանրային մեդիայի անկախ կոմիտե, որը պատասխանատու կլինի դրանց ինքնավարության պաշտպանության, գործունեության և ֆինանսավորման վերահսկողության համար, ինչպես նաև կմասնակցի ղեկավարության նշանակմանը։
Կոմիտեն նախատեսվում է ձևավորել հավասար ներկայացվածության սկզբունքով՝ կառավարության, ընդդիմության և մեդիասեկտորի անկախ ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ։
Նախատեսվում է նաև ստեղծել Հանրային մեդիայի խորհուրդ, որը համապատասխան կանոնադրության շրջանակում կհետևի հանրային հեռարձակման սկզբունքների պահպանմանը։
Բարեփոխումների առանձին հատվածը վերաբերում է Ազգային մեդիա վարչությանն առընթեր Մեդիա խորհրդին։