Ֆրանսիայում դատապարտել են միջազգային հանցախմբի անդամներին։ Նրանք մեղադրվում են եվրոպական մեծագույն գրադարաններից ռուսական դասական գրականության հազվագյուտ նմուշները գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
Վրաստանի վեց քաղաքացիներ 19-րդ դարի արժեքավոր գրքեր հափշտակելու համար դատապարտվել են տարբեր պատժաչափերի՝ պայմանական ազատազրկումից մինչև 7 տարվա բանտարկություն։ Գողացված գրքերի թվում եղել են Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները։
Ըստ քննության տվյալների՝ հանցագործները գործել են մանրակրկիտ մշակված սցենարով։ Նրանք նախ այցելել են գրադարաններ, ուսումնասիրել հազվագյուտ գրքերը, լուսանկարել ու չափագրել դրանք, իսկ հաջորդ անգամ վերադարձել են և բնօրինակները փոխարինել բարձրորակ պատճեններով, որոնք գրեթե անհնար էր տարբերել իսկականից։ Միայն Ֆրանսիայի ազգային գրադարանին հասցված վնասը գնահատվում է շուրջ 770 հազար եվրո։
Քննիչների կարծիքով՝ այս հանցացանցը կապ ունի նաև Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում և մերձբալթյան երկրներում տեղի ունեցած նմանատիպ գողությունների հետ։ Գործի քննության համար Եվրոպոլի և Եվրոյուստի հովանու ներքո ստեղծվել է միջազգային համատեղ քննչական խումբ։
Ֆրանսիական իրավապահների ուշադրությունը հատկապես գրավել է այն փաստը, որ 2024 թվականին ռուսական «Լիտֆոնդ» աճուրդի տանը վաճառքի է հանվել մի գիրք, որը լիովին համընկնում է Ֆրանսիայի ազգային գրադարանից գողացված օրինակի հետ։ Այդուհանդերձ, աճուրդի տան ներկայացուցիչները հայտարարել են, որ գիրքը Ռուսաստանում ձեռք է բերվել անհատ սեփականատիրոջից դեռևս 2014–2015 թվականներին։
Ֆրանսիացի դատավորները չեն բացառում, որ այս գողությունների շարքը կարող է կապված լինել մշակութային ժառանգությունը Ռուսաստան վերադարձնելու փորձերի հետ՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության պատճառով Մոսկվայի և եվրոպական երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Այնուամենայնիվ, այս վարկածը հաստատող ուղղակի ապացույցներ չեն ներկայացվել։
Չնայած կայացված դատավճիռներին՝ գողացված գրքերի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում. հափշտակված հրատարակություններից ոչ մեկը չի գտնվել։