Շվեյցարիայի իշխանությունները կարող են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, նույնիսկ եթե համաժողովրդական հանրաքվեով հաղթի համապատասխան նախաձեռնությունը, և համադաշնության սահմանադրությամբ ամրագրվի երկրի հավերժ չեզոքությունը։ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շվեյցարիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Գարմոնինը։
«Եթե նույնիսկ ժողովրդական նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, պաշտոնական Բեռնը, միևնույն է, իր ձեռքում խաղաքարտեր կունենա հակառուսական կուրսը պահպանելու համար։ Նրանք կարող են նույն պատժամիջոցները թողնել ուժի մեջ՝ այս անգամ դրանք ներկայացնելով որպես համադաշնության տարածքով սահմանափակումները շրջանցելու դեմ ուղղված քայլեր, ինչպես որ արեցին 2014 թվականի իրադարձություններից հետո»,- նշել է ռուս դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է չեզոքության հարցի շուրջ շվեյցարական հասարակության մեջ ընթացող քննարկումներին։
«Մեզ համար հատկանշական է այն, որ ամենևին էլ ոչ բոլորն են կիսում «ճկուն» չեզոքության վերաբերյալ Շվեյցարիայի դիվանագիտական մոտեցումը»,- ընդգծել է դեսպանը։
Այդուհանդերձ, Գարմոնինը կարծում է, որ նախաձեռնության հաղթանակի արժանանալու դեպքում երկրի իշխանությունները «սեփական քաղաքացիներից հստակ ազդակ կստանան»։ «Ըստ էության, սպասվող հանրաքվեն երկրի արտաքին քաղաքական ուղու նկատմամբ շվեյցարացիների վստահության քվեն է»,- ընդգծել է նա։
Շվեյցարիան սեպտեմբերի 27-ին հանրաքվե կանցկացնի «Չեզոքության մասին» ժողովրդական օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Այն նախատեսում է երկրի սահմանադրությամբ ամրագրել հավերժ զինված չեզոքության սկզբունքը և արգելել ցանկացած պատժամիջոցի կիրառում, բացառությամբ նրանց, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Պատճառն այն էր, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Շվեյցարիան, Եվրամիության օրինակով, միացել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս քայլով Շվեյցարիայի իշխանությունները շեղվել են չեզոքության սկզբունքից և վտանգել երկրի ու շվեյցարացի ժողովրդի անվտանգությունը։ Կառավարությունն ու խորհրդարանի մեծամասնությունը, սակայն, հորդորել են մերժել նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ երկրին «ճկուն չեզոքություն» է անհրաժեշտ՝ արտաքին քաղաքական մարտահրավերներին արագ արձագանքելու համար։