Վենեսուելայի իշխանությունները հաստատել են, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Բոլիվար նահանգում իրականացված գործողության ընթացքում սպանվել է Էկտոր Ռուստենֆորդ Գերերո Ֆլորեսը՝ առավել հայտնի «Նինյո Գերերո» մականվամբ։ Նա համարվում էր «Tren de Aragua» հանցախմբի պարագլուխը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Վենեսուելական կողմի փոխանցմամբ՝ նա սպանվել է տարածաշրջանում զինված խմբավորումների անդամների հետ բախումների և հատուկ գործողության արդյունքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իրականացրած «կայծակնային ու մահացու» ռազմական գործողության արդյունքում ոչնչացվել է Գերերո Ֆլորեսը, ում նա անվանել էր «Tren de Aragua»-ի «տխրահռչակ առաջնորդ»։ Թրամփի խոսքով՝ հարվածն ուղղված է եղել Վենեսուելայում գտնվող հանցախմբի հենակետերից մեկին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X սոցիալական հարթակում հայտնել է, որ հարվածը խմբավորման օբյեկտին հասցվել է շաբաթվա սկզբին։ Նա ընդգծել է, որ այս գործողությունն արտացոլում է տարածաշրջանում նարկոկարտելների ու հանցավոր կառույցների դեմ մղվող համատեղ պայքարը։
«Tren de Aragua»-ն ավելի վաղ ԱՄՆ-ում ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն։ Գերերո Ֆլորեսի անունը հիշատակվում է նաև Նյու Յորքի դաշնային դատարանի գործերից մեկում․ նա մեղադրվել է շորթման, ռեկետի և այլ հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու մեջ։
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախկինում մինչև 5 միլիոն դոլար պարգևատրում էր սահմանել այն տեղեկության համար, որը կօգներ ձերբակալել նրան։ Ամերիկյան կողմի հայտարարություններում շեշտվում է, որ այս հանցախմբի ձեռքով բռնություններ, շորթումներ ու թմրաշրջանառություն են իրականացվել Արևմտյան կիսագնդի մի շարք երկրներում։