Քարի հին վարպետները․ ինչպես էին սառցադաշտային դարաշրջանի մարդիկ գտնում բազալտի թաքնված աղբյուրները

Գիտնականները վերլուծել են Գեշեր-Բենոտ-Յաակով (Իսրայել) աշելյան հուշարձանից հայտնաբերված քարե գործիքները, որոնք թվագրվում են մոտ 780 000 տարի առաջ, և պարզել են, որ հին հոմինինները չեն օգտագործել պատահական բազալտ, այլ նպատակաուղղված ընտրել են հումքի կոնկրետ աղբյուրներ գործիքների արտադրության տարբեր փուլերի համար։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Բազալտի «մատնահետքերի» երկրաքիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ գործիքների մի մասը պատրաստվել է բնակավայրից մոտ 1 կիլոմետր շառավղում գտնվող ապարներից, իսկ մյուս մասը՝ բազալտային հոսքերից, որոնք այսօր թաղված են նստվածքային շերտերի տակ և այլևս մակերես դուրս չեն գալիս։

Սա նշանակում է, որ հոմինիններն օգտագործել են ոչ միայն մակերեսին հասանելի քարերը, այլև գիտեին հումքի թաքնված կամ հեռավոր աղբյուրների մասին, որոնք հասանելի էին հին լանդշաֆտում։

Գործիքների տարբեր տեսակներ կապված են եղել տարբեր աղբյուրների հետ․ խոշոր միջուկներն ու նախապատրաստուկներն ավելի հաճախ ստացվել են տեղական բազալտից, մինչդեռ որոշ կլիվերներ, որոնք պահանջում էին քարի հատուկ հատկություններ, կարող էին պատրաստվել այլ աղբյուրներից։ Սա վկայում է նյութի ֆունկցիոնալ ընտրության մասին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ գործիքների պատրաստման գործընթացը ներառել է բարդ հաջորդականություն՝ խոշոր բազալտային սալերի ընտրություն, դրանց մշակում միջուկների, խոշոր փեղկեր պոկելու և հետագա վերջնամշակման միջոցով պատրաստի գործիքների վերածելու համար։

Այս պատերնների կրկնելիությունը բնակավայրի տարբեր շերտերում վկայում է երկարատև տեխնոլոգիական ավանդույթի մասին, որը պահպանվել է տասնյակ հազարավոր տարիներ։

Հեղինակները եզրակացրել են, որ վաղ հոմինիններն ունեին շրջակա երկրաբանության մանրամասն գիտելիք, պլանավորում էին հումքի հայթայթումը և գիտակցաբար ընտրում էին «ճիշտ քար համապատասխան գործիքի համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *