ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները թերահավատություն են հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև սպասվող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, որի նախապատրաստման մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կալիֆոռնիայից սենատոր Ադամ Շիֆը X սոցիալական ցանցում գրել է, որ հույս ունի հակամարտության ավարտի վրա, սակայն հիշեցրել է Թրամփի նախկին հայտարարությունների մասին։
«Նախագահն ասում է, որ պատերազմն ավարտվել է։ Ես հույս ունեմ, որ նա ճիշտ է։ Բայց մենք նման բան արդեն լսել ենք նախկինում՝ բազմաթիվ չկատարված խոստումների հետ մեկտեղ», — նշել է Շիֆը։
Ըստ սենատորի, Թրամփի վարչակազմի գործողությունները հանգեցրել են նոր ռազմական հակամարտությունների և լրացուցիչ ծախսերի։
Հնարավոր համաձայնագիրը քննադատել է նաև կոնգրեսական Սեթ Մոուլթոնը։ MS Now հեռուստաալիքի եթերում նա ենթադրվող գործարքն անվանել է «ըստ էության կապիտուլյացիայի փաստաթուղթ»։
«Սա սարսափելի գործարք է։ Ըստ էության, սա Դոնալդ Թրամփի կապիտուլյացիայի փաստաթուղթն է Իրանի գերագույն առաջնորդի առաջ։ Այս պատերազմի վրա արդեն ծախսվել է հարկատուների 100 միլիարդ դոլարը, զոհվել է 14 ամերիկացի, իսկ արդյունքում մենք ստանում ենք մի համաձայնագիր, որը պարզապես կրկին բացում է նեղուցը, որը բաց էր մնում մինչև այն պահը, երբ նա սկսեց այս, իմ կարծիքով, անիմաստ պատերազմը։ Ինչպե՞ս կարելի է սա հաղթանակ համարել»։ — հայտարարել է Մոուլթոնը։