ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող համաձայնագրի մասին հաղորդումները Իսրայելի ԶԼՄ-ներում բացասական արձագանք են առաջացրել։ Մի շարք լրագրողներ և վերլուծաբաններ մտավախություն են հայտնել, որ այդ գործարքը կարող է ուժեղացնել Թեհրանի դիրքերը տարածաշրջանում։
Maariv-ի սյունակագիր Բեն Կասպիտը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր կարծիքով, մարտավարական հաջողությունների է հասել ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» և Իրանի հետ հակամարտություններում, սակայն պարտվել է ավելի լայն քաղաքական դիմակայությունում։
«Միակ իրադարձությունը, որի ուժը գերազանցում է վերջին տարիներին ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» և Իրանի նկատմամբ մեր ձեռք բերած ռազմական հաղթանակները, այն քաղաքական պարտությունն է, որը մենք կրել ենք անմիջապես դրանցից հետո», — գրել է նա։
Maariv-ի մեկ այլ վերլուծաբան՝ Ավի Աշքենազին, նշել է, որ Իսրայելը չի կարողացել ազդել ենթադրվող համաձայնագրի ձևավորման վրա։ Ըստ նրա, դա պայմանավորված է երկրի քաղաքական ղեկավարության անբավարար արդյունավետությամբ։
Ynet-ը նույնպես հայտնել է իսրայելցի պաշտոնյաների շրջանում առկա անհանգստության մասին, որը կապված է բանակցությունների ընթացքի վրա ազդեցություն չունենալու հետ։ Բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հնարավոր համաձայնագիրը «վատ գործարք» է անվանել։
Haaretz-ի նյութում վերլուծաբան Ցվի Բարելը գրում է, որ Իրանը բանակցություններին մոտեցել է ուժի դիրքերից՝ կիրառելով տնտեսական և ռազմավարական ճնշման լծակներ, որոնք ազդում են տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վրա։ Նրա գնահատմամբ, Թեհրանը գործում է արդեն ոչ միայն գոյատևման տրամաբանությունից ելնելով, այլ նաև որպես տարածաշրջանային տերություն, որը մեծացնում է իր ազդեցությունը։