
ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Քիչ առաջ զանգ եմ ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսած իրականացվել են խուզարկություններ, որոնք, ըստ այնտեղ գտնվող անձանց, ուղեկցվել են նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի տարրերով։ Նշվում է, որ խցերից մեկում՝ մասնավորապես 7-րդ մասնաշենքի 12-րդ խցում, անձնական իրերը թափվել են հատակին, ինչն առաջացրել է լարված իրավիճակ։
Ինձ նաև տեղեկացրել են, որ տեղի ունեցածի հետևանքով հուզական ծանր վիճակում գտնվող անձանց շրջանում խոսակցություններ են եղել ինքնավնասման վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ եմ արել զերծ մնալ նման քայլերից և որևէ պարագայում չվտանգել սեփական առողջությունն ու կյանքը։
Հաշվի առնելով ստացված ահազանգերի լրջությունը՝ կոչ եմ անում իրավասու մարմիններին անհապաղ պարզաբանել իրավիճակը և հրապարակային պատասխան տալ բարձրացված հարցերին։
Միաժամանակ, պատգամավոր գործընկերներիս խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, այցելել քրեակատարողական հիմնարկ և տեղում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները։
Մարդու արժանապատվությունը, իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող սահմանափակվել անգամ ազատազրկման պայմաններում։ Յուրաքանչյուր ահազանգ պետք է ստանա պատշաճ և անհապաղ արձագանք։
Նարեկ Մանթաշյան