Շվեյցարիայի քաղաքացիները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 մլն մարդով սահմանափակելու առաջարկը

Շվեյցարիայում ընտրողները մերժել են երկրի բնակչության թվաքանակը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնությունը, հայտնում է BBC News-ը։

Թեև ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ, ընթացիկ կանխատեսումները ցույց են տալիս, որ հանրաքվեի մասնակիցների մոտ 55%-ը հանդես է եկել առաջարկի դեմ, մինչդեռ մոտավորապես 45%-ն է աջակցել դրան։

Նախաձեռնությունը առաջադրել էր աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, որն ավանդաբար կոշտ դիրքորոշում ունի ներգաղթի հարցերում։ Առաջարկի ընդունման դեպքում, գնահատականների համաձայն, Շվեյցարիան ստիպված կլիներ վերանայել մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ Եվրոպական միության հետ կնքված համաձայնագրերը։

Տվյալների համաձայն, երկրի բնակչությունն արագ աճում է՝ 2002 թվականի 7,3 մլն մարդուց մինչև այսօր մոտ 9,1 մլն։ Երկրի բնակիչների շուրջ 27%-ը Շվեյցարիայի սահմաններից դուրս ծնված մարդիկ են։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ բնակչության սահմանափակումը թույլ կտար նվազեցնել ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնակարանային շուկայի և սոցիալական համակարգերի ծանրաբեռնվածությունը։

Սակայն այս փաստարկները ընտրողների շրջանում բավարար աջակցություն չստացան։ Առաջարկի հակառակորդները, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչներ և մի շարք քաղաքական գործիչներ, զգուշացնում էին առանցքային ոլորտներում՝ ինչպես առողջապահությունը, տարեցների խնամքը և զբոսաշրջությունը, աշխատուժի պակասի ռիսկերի մասին։

Հնչում էին նաև մտահոգություններ, որ նախաձեռնության ընդունումը կարող էր սահմանափակել շվեյցարական ընկերությունների մուտքը ԵՄ միասնական շուկա, որի վրա բաժին է ընկնում երկրի արտահանման ավելի քան կեսը։

Շվեյցարիան մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ կարևոր քաղաքական որոշումները պարբերաբար դրվում են համազգային հանրաքվեների քվեարկության՝ ուղիղ ժողովրդավարության համակարգի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *