Պուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 80-ամյակի առթիվ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն այսօր հեռախոսով շնորհավորել է ԱՄՆ նախագահին 80-ամյակի առթիվ։ Զրույցը կրել է ընկերական և անկեղծ բնույթ և տևել է մոտ մեկ ժամ», – լրագրողներին հայտնել է Ուշակովը՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով։

Նա ճշտել է, որ հեռախոսազրույցի ստույգ տևողությունը եղել է ուղիղ 55 րոպե։

Ըստ Ուշակովի, Թրամփը հուզվել է Պուտինի զանգից, քանի որ նա արտասահմանյան առաջնորդներից առաջինն է շնորհավորել նրան հոբելյանի առթիվ։

«Դոնալդ Թրամփը հուզվել է Պուտինի ասածներից, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինն առաջինն էր բոլոր օտարերկրյա առաջնորդներից, որ զանգահարել է իրեն Սպիտակ տուն», – պատմել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ երկու առաջնորդների շփումն անցել է «ոչ պաշտոնական մթնոլորտում և ոչ առանց հումորի բաժնի»։

«Կարող եմ նույնիսկ մի փոքր գաղտնիք բացել, որ 80 թիվը Դոնալդ Թրամփին այնքան էլ դուր չի գալիս, որովհետև նա լի է էներգիայով և ուժով», – նկատել է ՌԴ նախագահի օգնականը։

«Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, ապա դրանք հնչել են ոչ պաշտոնական ձևով և արտացոլել են երկու առաջնորդների անձնական հարաբերությունների բնույթը։ Ռուսաստանի նախագահը չի թաքցրել իր հարգանքը Դոնալդ Թրամփի մարտական հատկանիշների, հարվածին դիմանալու, խոչընդոտները հաջողությամբ հաղթահարելու և իր նպատակներին համառորեն հասնելու կարողության նկատմամբ», – հայտարարել է Ուշակովը։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահը «ուղարկել է նաև շնորհավորական ուղերձ, որտեղ նույնպես նշել է հոբելյարի բնավորության ոչ սովորական գծերը, որոնք նպաստում են նրա հաջողությանը թե՛ որպես մարդ, թե՛ որպես քաղաքական գործիչ»։

ՌԴ նախագահը ամերիկացի գործընկերոջը նվերներ չի ուղարկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *