Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կիրակի հանդես է եկել «ֆլամինգոների հեղափոխության» դեմ՝ քննադատելով ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հանգստյան համալիրի նախագծի դեմ բողոքողների մի մասի գործողությունները և նրանցից ոմանց անվանելով «հայվան»՝ ալբանական նվաստացուցիչ տերմին, որը մոտավորապես նշանակում է «հիմար» կամ «անգետ», գրում է Politico-ն։
Իր շաբաթական փոդքաստում Ռաման հայտարարել է, որ անընդունելի է համարում հանրահայտ արտիստների համերգները բոյկոտելու կոչերը՝ շարունակվող բողոքների վերաբերյալ հրապարակայնորեն չարտահայտվելու համար։ Նա նաև դատապարտել է համացանցում հետապնդման դեպքերն ու այն մարդկանց հասցեին հնչող սպառնալիքները, որոնք նախընտրել են հրապարակային դիրքորոշում չզբաղեցնել։
Հայտարարությունը հնչել է արդեն 14 օր շարունակվող քաղաքական բողոքների ֆոնին։ Անցած շաբաթավերջին Տիրանայի փողոցները լցվել էին տասնյակ հազարավոր ցուցարարներով, որոնք պահանջում էին վարչապետի հրաժարականը։
Տարբեր գնահատականներով, շաբաթ օրվա ակցիային մասնակցել է 100-ից 200 հազար մարդ։ Բողոքներն անցել են խաղաղ․ մասնակիցների թվում եղել են երեխաներով ընտանիքներ, տարեցներ, իսկ կազմակերպիչները նույնիսկ հատուկ հարթակներ էին ստեղծել մանկական ստեղծագործության համար։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում բողոքական շարժումը, որը սկսվել էր Ջարեդ Քուշների հետ կապվող էլիտար հանգստյան համալիրի նախագծի իրականացումը չեղարկելու պահանջներով, վերածվել է Ալբանիայի խոշորագույն հակակառավարական արշավներից մեկի՝ 1991 թվականին կոմունիստական ռեժիմի անկումից ի վեր։
Ռաման նաև քննադատել է ցուցարարների շրջանում տարածված «Ալբանիան պատկանում է ալբանացիներին» կարգախոսը։ Ըստ նրա, նման հռետորաբանությունը կարող է ընկալվել որպես ազդանշան, թե երկրում մնացած բոլորն անցանկալի են։
«Սա հիշեցնում է «Գերմանիան՝ գերմանացիներին» կարգախոսի նման կոչեր, որոնց պատճառով Գերմանիան երկար տարիներ մեկուսացված էր և Եվրոպայում ենթարկվում էր քննադատության», — հայտարարել է վարչապետը։
Կիրակի «ֆլամինգոների հեղափոխության» աջակցության ակցիաները շարունակվել են ինչպես հենց Տիրանայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Աշխարհի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Բեռլինում, Վիեննայում և Լոնդոնում, ծրագրված էին հանրահավաքներ։