Արդարություն մահից հետո․ ցմահ ազատազրկման մեջ մահացած մեղադրյալի գործը կվերանայեն 15 տարի անց

Երբ ճապոնական դատարանը վերջապես թույլատրեց Հիրոմու Սակահարայի գործի վերանայումը, մեղադրյալն արդեն ողջ չէր։ Ուրախալի լուրը լսեց ոչ թե նա, այլ նրա հարազատները, որոնք հավաքվել էին նրա գերեզմանի մոտ, հայտնել է CNN-ը։

Սակահարան մահացել է 2011 թվականին՝ կրելով ցմահ ազատազրկում 1984 թվականին Հինո քաղաքում գինու խանութի կառավարչուհու սպանության համար։ Տասնամյակներ շարունակ նա պնդում էր, որ հանցագործությունը խոստովանել է ոստիկանության ճնշման տակ։

Այժմ Ճապոնիայում պետք է սկսվի քրեական գործի հազվադեպ հետմահու վերանայում՝ իրադարձություն, որն արդեն դարձել է դատական սխալների և խիստ «ձգձգված» արդարադատության համակարգի դեմ պայքարի խորհրդանիշ։

Դատապարտյալի որդին՝ Կոձի Սակահարան, որն այսօր 64 տարեկան է, խոստովանել է, որ դատարանի որոշումն իր մեջ խառը զգացումներ է առաջացրել։

«Ես ուրախ եմ, որ գործի վերանայումը վերջապես նշանակվել է։ Բայց ինձ դեռ անասելի ցավ է պատճառում դա։ Ափսոսում եմ, որ մենք չկարողացանք փրկել հորս բանտից», — ասել է նա։

Ընտանիքի պատմությունն սկսվել է 1984 թվականի դեկտեմբերին՝ տեղի խանութի կառավարչուհու անհետացումից հետո։ Մեկ ամիս անց նրա մարմինը գտել են դաշտում։ Ոստիկանությունը հարցաքննել էր Սակահարային որպես խանութի մշտական հաճախորդի, սակայն սկզբում նրան ազատ էր արձակել այն բանից հետո, երբ կինը հաստատել էր նրա ալիբին։

Սակայն երեք տարի անց քննիչները կրկին կանչել են տղամարդուն հարցաքննության։ Բազում ժամեր տևած զրույցներից հետո նա խոստովանել է սպանությունը։

Ավելի ուշ Սակահարան հարազատներին պատմել է, որ հարցաքննությունների ժամանակ ենթարկվել է ծեծի և սպառնալիքների։ Նրա խոսքով՝ նա կոտրվել է միայն այն ժամանակ, երբ սկսել են ճնշում գործադրել իր մտերիմների նկատմամբ։

Դատարանում նա հրաժարվել է խոստովանությունից և հայտարարել իր անմեղության մասին, սակայն դատապարտվել է։ Քննությունը պնդում էր, որ հենց նա է մատնանշել մարմնի և գողացված պահարանի գտնվելու վայրը։

24 տարվա բանտարկության ընթացքում ընտանիքը պարբերաբար այցելել է Սակահարային և պահանջել գործի վերանայում։ 2011 թվականին նա հիվանդացել է թոքաբորբով և մահացել՝ այդպես էլ չսպասելով արդարացմանը։

Նույնիսկ նրա մահից հետո հարազատները շարունակել են պայքարը։

Վերանայման հիմք են դարձել գործի նյութերում եղած հին ֆոտոժապավենները։ Փաստաբանները հայտարարել են, որ դրանք կարող են վկայել այն մասին, որ ոստիկանությունն է հուշել կասկածյալին մարմնի հայտնաբերման վայրը, ապա դա ներկայացրել որպես նրա մեղավորության ապացույց։

Սակահարան հետպատերազմյան Ճապոնիայում ընդամենը երկրորդ մարդն է, որի համար նշանակվել է քրեական գործի հետմահու վերանայում։

Նրա պատմությունը կրկին ուշադրություն է հրավիրել ճապոնական դատական համակարգի առանձնահատկությունների վրա։ Իրավապաշտպաններն արդեն երկար տարիներ քննադատում են երկիրն այսպես կոչված «պատանդային արդարադատության» համար (կասկածյալների երկարատև հարցաքննության պրակտիկա՝ առանց փաստաբանի լիարժեք հասանելիության)։ Այս ֆոնին Ճապոնիայում մեղադրական դատավճիռների մակարդակը գերազանցում է 99 տոկոսը։

Սակահարայի գործը նաև արագացրել է օրենսդրական բարեփոխումների քննարկումը։ Նոր օրինագիծը կսահմանափակի դատախազության հնարավորությունը՝ անվերջ բողոքարկել գործերի վերանայման որոշումները։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին աջակցել է փոփոխություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *