ԱՄՆ ռազմաօդային ուժերն Անգլիայի Ֆերֆորդ առաջնագծի ավիաբազայում տեղակայված B-1B Lancer և B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների քանակը հասցրել են 27-ի։ Այս մասին են վկայում «Fairford Movements» պորտալի տվյալները։
Նախկինում այս ավիախումբը բաղկացած է եղել 23 ինքնաթիռից․ ևս չորս ռմբակոծիչ էլ ավիաբազա է ժամանել անցյալ շաբաթ՝ իրանական թիրախներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների ֆոնին։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) չի հայտնել երկու գիշերային գործողությունների ընթացքում այս ինքնաթիռների կիրառման մասին, թեև այդ օրերին ավիաբազայից թռիչքներ են արձանագրվել։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական արշավի ժամանակ B-1B-ներն ու B-52H-ները ամենօրյա ռեժիմով օգտագործվել են երկրի տարածքում գտնվող կարևորագույն թիրախներին հարվածելու համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո ինքնաթիռներն իրականացրել են մարտունակությունը պահպանելու համար նախատեսված ուսումնամարզական թռիչքներ։ Ըստ CENTCOM-ի տվյալների՝ թռիչքներ են կատարվել նաև դեպի Մերձավոր Արևելքի տարածաշրջան։
Այժմ Ֆերֆորդի ավիաբազայում տեղակայված է 18 միավոր B-1B Lancer ծանր ռմբակոծիչ և 9 միավոր B-52H Stratofortress:
Յուրաքանչյուր ինքնաթիռ կարող է կրել մինչև 20 կմ հեռահարության 24 միավոր JDAM տեսակի 900 կիլոգրամանոց կառավարվող ավիաբոմբ, կամ մոտ 300 կմ հեռահարության 12 միավոր JASSM թևավոր հրթիռ։ Ռազմական արշավի ընթացքում այս զինատեսակներն օգտագործվել են Իրանի առավել կարևոր օբյեկտներին, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների պահպանման, արտադրության և տեղակայման պաշտպանված վայրերին հարվածելու համար։