
Հունիսի 8-ին ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա՝ արյունոտ վիճակում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ իրանցի ծանոթի աղջիկը իրենց հրավիրել է Երևան քաղաքի տներից մեկը։ Երբ մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են, գցել գետնին, կապել աթոռին և դանակի սպառնալիքով պահանջել գումար, տան սեփականության փաստաթղթերը։ Այնուհետև վերցրել են իր կողմից վարձակալած բնակարանի բանալին և կնոջ՝ 36-ամյա Ֆառզանեհ Ա-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել անհայտ ուղղությամբ։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ-ն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։