
Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն չեղարկեց երեք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները, սակայն վերաքվեարկություն չնշանակեց: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այս որոշումը պարզաբանել է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո հանձնաժողովը պարտավոր չէ ավտոմատ կերպով վերաքվեարկություն նշանակել։
Նրա խոսքով՝ նման որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ընտրողների իրական կամքի պաշտպանությունը, համաչափության սկզբունքը և տակտիկական քվեարկության ռիսկը, քանի որ մասնակի վերաքվեարկությունը կարող է ավելի մեծ աղավաղում առաջացնել, քան վերացվող խախտումը։ Պարզ ասած, ասում են, որ եթե վերաքվեարկություն նշանակենք ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, դրա համար չենք նշանակում:
Հովակիմյանը չի անդրադարձել այն հարցին, որ 3 ընտրատեղամասի արդյունքները չեղարկելուց հետո ընտրությունների ելքն էականորեն փոխվել է եւ մեկ ամբողջ կուսակցություն դուրս են թողել խորհրդարանից` ակնհայտորեն փոխելով խորհրդարանի պատկերը։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մեզ հետ զրույցում Վահագն Հովակիմյանի պարզաբանումն «անհեթեթություն» որակեց․ «Այդտեղ մեկնաբանելու ոչինչ չկա, իր ասածն ուղղակի անհեթեթություն է»։
Հարցին՝ իրավական առումով այս պարզաբանումն արդյո՞ք ամուր է, Պողոսյանն արձագանքեց․ «Բացարձակ, դա մոտավորապես այնպես է, որ ասես` եթե ձեր աչքի առաջ գրված է 5, ձեզ հանկարծ կարող են ասել, որ դա 5 չէ, այլ 10 է գրված, մոտավորապես այդպիսի անալոգիա է։ Եթե ունենայինք անաչառ ՍԴ, ակնհայտ է, որ այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեին, բայց մենք այս «եթե»-ն չունենք։ Մենք ունենք ՔՊ-ի ՍԴ եւ որեւէ մեկը չպետք է նման հույսեր տածի»։