
Լեհաստանի հյուսիսում գտնվող Կոնոտոպե փոքրիկ գյուղում ընթանում են աշխարհի ամենաբարձր արձաններից մեկի շինարարական աշխատանքները։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այստեղ վեր է հառնելու Աստվածամոր` 55,6 մետր բարձրությամբ հսկայական հուշարձանը, որն իր չափերով գերազանցելու է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի խորհրդանիշ համարվող Հիսուսի հանրահայտ արձանը։
Նախագծի համաձայն՝ բուն արձանի բարձրությունը լինելու է 40,6 մետր, և այն տեղադրվելու է թագի տեսք ունեցող 15-մետրանոց պատվանդանի վրա, որտեղ կգործի նաև դիտահարթակ զբոսաշրջիկների համար։ Արձանի հանդիսավոր բացումը նախատեսված է այս տարվա օգոստոսի 15-ին։
Այս լայնածավալ նախագծի գլխավոր նախաձեռնողն ու հովանավորը լեհ միլիարդատեր Ռոման Կարկոսիկն է ու նրա կինը։ Կարկոսիկը երկրի ամենախոշոր արդյունաբերական ընկերություններից մեկի հիմնադիրն է և ներառված է Լեհաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Կոթողը կառուցվում է կաթոլիկ հայտնի ուխտատեղիի հարևանությամբ, որը նույնպես տարիներ առաջ կառուցվել էր միլիարդատեր ամուսինների միջոցներով։
Թեև Կոնոտոպե գյուղում ընդամենը 120 մարդ է բնակվում, տեղական իշխանությունները մեծ հույսեր են կապում այս նախագծի հետ։ Նրանք համոզված են, որ ռեկորդային բարձրություն ունեցող արձանը դեպի իրենց շրջան կձգի հազարավոր զբոսաշրջիկների և ուխտավորների ողջ Եվրոպայից՝ նոր շունչ տալով տեղի տնտեսությանը։