ԱՄՆ-ում կործանված B-52-ի բորտում եղել են զինվորականներ, պետական ծառայողներ և կապալառուներ

Կալիֆոռնիայում կործանված «B-52 Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչի անձնակազմը կազմված է եղել զինվորականներից, պետական ծառայողներից և պայմանագրային աշխատակիցներից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Էդվարդս ավիաբազայի 412-րդ փորձարկման ավիաթևի փոխհրամանատար, գնդապետ Ջեյմս Հեյսը։

«Ինքնաթիռում եղել է խառը անձնակազմ՝ զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ և պետական կապալառուներ,— նշել է նա։— Ես չեմ հրապարակի նրանց անունները, քանի դեռ հարազատներին պաշտոնապես չի հայտնվել [մահվան] լուրը»։

Հեյսը հավելել է նաև, որ Էդվարդս ավիաբազայի հրամանատարությունը դեռևս որևէ վարկած չունի աղետի պատճառների վերաբերյալ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար կարող է մոտ կես տարի պահանջվել։

«Boeing» ընկերությունից հաստատել են, որ կործանված ինքնաթիռում եղել է իրենց երկու աշխատակիցը։ «Խորը ցավով հայտնում ենք, որ անձնակազմի թվում եղել են նաև «Boeing»-ի երկու աշխատակիցներ։ Մենք կապի մեջ ենք նրանց ընտանիքների հետ և պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,— ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ավիաբազայի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ փորձնական թռիչքի ժամանակ կործանված ռմբակոծիչում ութ մարդ է եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *