Հունիսի 16-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Պոլտավսկայա ավանի նավթաբազայի վրա։ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ «Զոհեր և տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 32 մարդ և 7 միավոր տեխնիկա»,- նշել են օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ անօդաչուների հարձակումից հետո ժամանակավորապես փակվել է Պոլտավսկայա ավանի և Տրուդոբելիկովսկի խուտորի միջև ընկած մայրուղին։
Պոլտավսկայայի նավթաբազան ընդունում է նավթավերամշակման գործարանների, մասնավորապես՝ «Լուկոյլ» ընկերության ձեռնարկությունների արտադրանքը, այնուհետև այն բաշխում Կրասնոդարի երկրամասի և Ադըղեայի լցակայանների (ԱԳԼՃԿ) ցանցերով։ Պոլտավսկայա ավանը գտնվում է Կրասնոդարից 80 կմ դեպի արևմուտք՝ երկրամասի կենտրոնի և Ազովի ծովի ափի միջև։ Ռազմաճակատի գծից այն հեռու է մոտ 385 կմ։ Այս ամենի ֆոնին, Ղրիմից հետո, հունիսի սկզբին Կրասնոդարի երկրամասում նույնպես բենզինի դեֆիցիտ է առաջացել։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբից հստակեցրել են, որ ավելի քան 500 լցակայաններում վառելիք չկա, քանի որ նրանք այն գնում են փոքր մեծածախ խմբաքանակներով՝ առանց մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրերի։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ «պահանջարկի կտրուկ աճի պատճառով» բենզինը բացակայել է ցանցային մեծ լցակայաններում։
Ներկայումս վառելիքի դեֆիցիտի խնդրին առերեսվել է Ռուսաստանի ավելի քան 25 տարածաշրջան։ Բենզինի վաճառքի սահմանափակումներ են կիրառվել նաև միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ «Ռուսաստանում սկսում է ձևավորվել լիարժեք վառելիքային ճգնաժամ։ Խնդիրն այլևս չի սահմանափակվում գների սեզոնային աճով կամ բորսայական սպեկուլյացիաներով։ Ճգնաժամի աղբյուրը առաջարկի պակասն է»,- նշել է «Ֆինամ» ընկերության ստրատեգ Յարոսլավ Կաբակովը։
Կառավարությունը փորձում է հաղթահարել ճգնաժամը՝ նավթային ընկերություններին սուբսիդիաներ և արտոնություններ տրամադրելու միջոցով։ Այսպես, ապրիլ և մայիս ամիսներին նավթագործները բյուջեից ստացել են 700 միլիարդ ռուբլու սուբսիդիա, իսկ հունիսին նրանց թույլատրվել է նվազեցնել բենզինի որակը և «Եվրո-5»-ի փոխարեն վաճառել «Եվրո-3» տեսակի վառելիք։ Սակայն սա չի լուծում գլխավոր խնդիրը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները։ Միայն մայիսին Ուկրաինային հաջողվել է 16 անգամ հարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը պատերազմի սկզբից ի վեր ամսական կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է։
Արդյունքում, հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են օրական 4 միլիոն բարելից ցածր՝ գրանցելով վերջին 21 տարվա ամենացածր մակարդակը, այսպիսի գնահատական են տվել Energy Intelligence-ի վերլուծաբանները։ Նրանց հաշվարկներով՝ ուկրաինական հարվածների պատճառով ներկայումս պարապուրդի է մատնված նավթավերամշակման գործարանների հզորությունների գրեթե մեկ երրորդը (օրական 2,14 միլիոն բարել)։