Լոռու մարզում կորած երկու երեխաները «Օրրան» հաճախում են 2024 թվականի հոկտեմբերից, ընտանիքը ապրում է մայրիկի հետ. բոլոր 5 երեխաներն էլ հաճախում են «Օրրան»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի մասին։
«Քանի որ երեխաները տարբեր ժամերի են դասերն ավարտում, սովորաբար երեխեքը հավաքվում էին դասերի ժամանակ ու իրար հետ միասին էին գալիս, բայց քանի որ հիմա ամառային արձակուրդներ են ու երեխաները տնից են եկել, 7 և 13 տարեկան աղջիկները տանից դուրս են եկել 13.30–ի սահմաններում, որպեսզի ժամը 14–ին լինեն «Օրրանում», որովհետև այդ ժամից է սկսվում իրենց այցը։ Իսկ մյուս քույրը, եղբոր հետ սպասել են, որ փոքր քույրիկին ժամը երեքին մանկապարտեզից վերցնեն, նոր գան «Օրրան»։
Երբ քույրիկը մանկապարտեզից եղբոր հետ եկել են, տեսնում են, որ քույրիկներից երկուսն չեն գրանցվել, այսինքն չեն մուտք գործել «Օրրան»։ Տեղյակ են պահում մանկավարժին, մանկավարժը ընդունարանի աշխատակցին, կապվում ենք ծնողի հետ, ծնողը ասում է, որ ինձ մոտ էլ չեն։
Քանի որ իրենք Արթիկից են տեղափոխվել, շատ քիչ ծանոթներ ունեն, մենք փորձում ենք ծանոթներից, ընկերներից պարզել, թե որտեղ են երեխաները։ Այդ ժամանակ զուգահեռ ինֆորմացիա է տարածվում սոցցանցերում, որ ինչ-որ երեխայի նկատել են, որ մոտավոր 15 տարեկան՝ գետն է ընկել ու այդ մարդկանց տունը գտնվում է գետի մոտ։ Իսկ իրենք այդ գետի կողքով են գալիս հասնում «Օրրան»։
Մենք վերցրել ենք «Օրրանից» մեծ քրոջը, զանգահարել ենք ծնողին, աշխատավայրից վերցրել ենք ծնողին։ Հետագծով, որտեղով «Օրրան» են գալիս, գնացել ենք, տեսել ենք այնտեղ չեն։ Ծնողի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն ու ոստիկանություն ենք դիմել, որ հայտնենք, որ երեխաները չկան»,–պատմեց նա։
Դիտարկմանը, որ կա վարկած, որ խողովակի վրայով են անցնելիս եղել գետը, այդտեղից են ընկել, Անի Սաֆարյանն ասաց. «Այդտեղ կամուրջ կա, հետո մի 500 մետր ներքև խողովակն է։ Իրենք հիմնականում «Օրրան» գալիս են կամուրջով, ասում են՝ ավելի մոնտիկ է խողովակով, ու ավելի արագ են հասնում։
Անի Սաֆարյանը հավելեց, որ երբ իրենք հասել են գետի մոտ, արդեն փրկարարներն ու ոստիկանները տեղում էին. «Իրենք փնտրում էին բնակչի նկատած մոտավոր 15 տարեկան աղջկան։ Բնակիչը նկատել էր, որ այդ խողովակի վրայից ընկել է ջուրը։ Քանի որ տեղյակ չէին այդ երկու երեխայի մասին ու դեպքերը համընկավ, հարկ համարեցինք, որ մենք էլ ոստիկանությանը դիմենք ու այդ դեպքում պարզվեց, որ արդեն ոչ թե մեկն է, այլ երկուսը»։ Անի Սաֆարյանը հստակեցրեց, որ կորած երեխաներն են 13 տարեկան Նարինե Մարտիրոսյանը և 7 տարեկան Նարե Մարտիրոսյանը։ Ընտանիքում 5 երեխաներ են՝ 4 աղջիկ, 1 տղա։ Մեծ աղջիկը 15 տարեկան է, տղան՝ մոտ 9 տարեկան, իսկ փոքր քույրը մանկապարտեզ է հաճախում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։
Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։