Ավստրալիական ավիաընկերություններն ավիավառելիքի թանկացման պատճառով բարձրացրել են տոմսերի գները և կրճատել չվերթների քանակը։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (ACCC)։
Հակամենաշնորհային կարգավորող մարմնի տվյալներով՝ հունիսի սկզբին ավիավառելիքի գինն շուրջ 40%-ով ավելի բարձր է եղել, քան փետրվարի կեսերին։ Միևնույն ժամանակ, 64%-ով աճել է նավթի և ավիացիոն կերոսինի սակագների միջև տարբերությունը, ինչը հանգեցրել է փոխադրողների ծախսերի լրացուցիչ ավելացման։
Virgin Australia ավիաընկերությունը մարտից ի վեր ներքին չվերթերի սակագները բարձրացրել է շուրջ 5%-ով։ Երկրի խոշորագույն ավիափոխադրողը՝ Qantas-ը, նույնպես թանկացրել է տոմսերը, սակայն գնաճի հստակ չափը չի բացահայտվում։ Բացի այդ, կասեցվել կամ չեղարկվել են Ադելաիդա – Մաունթ Գամբիեր, Ալիս Սփրինգս – Բրիսբեն և Դարվին – Գոլդ Քոստ երթուղիներով թռիչքները։
Ըստ ACCC-ի՝ չնայած շուկայական պայմաններից ելնելով գները փոխելու ավիափոխադրողների իրավունքին, նրանք չպետք է սխալ տեղեկություններ տան ուղևորներին սակագների բարձրացման պատճառների մասին։
Ավստրալիայում ավտոմոբիլային վառելիքի դեֆիցիտն առաջացել էր մարտի սկզբին՝ Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով նավթի համաշխարհային գների կտրուկ աճի ֆոնին։ Իրավիճակն էլ ավելի էր բարդացել խուճապային գնումների հետևանքով, ինչը տեղային ընդհատումների և լցակայանների աշխատանքի դադարեցման պատճառ էր դարձել։ Ի պատասխան սրան՝ իշխանությունները ներքին շուկա են ուղղել ռազմավարական պաշարների վառելիքի մոտ 20%-ը և արտահանման համար նախատեսված բենզինի մի մասը, ինչպես նաև զգալիորեն ավելացրել են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից նավթամթերքի ներկրումը։