Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ կիրակի օրը ամերիկացի իրավապահ մարմինները կանխել են Սպիտակ տան տարածքում կազմակերպված խառը մենամարտերի UFC America 250 մրցաշարի վրա ենթադրյալ հարձակումը:
Ինչպես X սոցիալական ցանցում հայտնել է Պատելը, հունիսի 10-ին ՀԴԲ-ն և իր գործընկերները տեղեկություններ են ստացել պոտենցիալ սպառնալիքի մասին, հավելելով, որ այն բխում է ԱՄՆ մայրաքաղաքային տարածաշրջանից դուրս գտնվող մի խումբ անձանցից:
Արդարադատության նախարարության և իրավապահ այլ կառույցների հետ համատեղ իրականացված բազմահանգրվանային գործողության արդյունքում մի քանի կասկածյալներ են ձերբակալվել, իսկ հարձակման ենթադրյալ ծրագիրը ձախողվել է:
Fox News-ի տեղեկություններով, որոնք տարածել է ՀԴԲ ղեկավարը, չարագործները նպատակ են ունեցել պայթուցիկով հագեցած անօդաչու թռչող սարքեր կիրառել մրցաշարի անցկացման վայրի հարևանությամբ գտնվող շինություններին հարվածելու համար, ինչպես նաև տարհանման պահին դիպուկահարների խմբի միջոցով հարձակվել հանդիսատեսի վրա:
Հաղորդվել է նաև հարձակվողների մի մասի՝ Սպիտակ տան դարպասները ճեղքելու ծրագրերի մասին:
Իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ սպառնալիքը դիտարկվել է որպես «չափազանց լուրջ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չի լսել կանխված դավադրության մասին։ Նրա խոսքով՝ ինքն այդ օրը ներկա է եղել մրցաշարի մարտիկների «հարձակումներին»։
Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը հայտնել է, որ իր գերատեսչությունը ողջ հետաքննության ընթացքում սերտորեն համագործակցել է ՀԴԲ-ի հետ։ Նրա փոխանցմամբ՝ հատուկ գործակալները, տեխնիկական մասնագետներն ու անվտանգության աշխատակիցները միջոցառմանն ընդառաջ աշխատել են շուրջօրյա ռեժիմով՝ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։
Ակնկալվում է, որ գործի մանրամասները կհրապարակվեն դատական փաստաթղթերում։
Մրցաշարի անցկացման ընթացքում Սպիտակ տան համալիրի շուրջ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել։ Իրավապահները փակել են ճանապարհները, ամբոխը վերահսկելու համար կիրառել հատուկ ուղեփակոցներ, ինչպես նաև հազարավոր հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու նպատակով ներգրավել են դաշնային, տարածաշրջանային ու տեղական ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների։
Ձերբակալվածների դրդապատճառները դեռևս պաշտոնապես չեն բացահայտվում։