Լիբանանում պատերազմի դադարեցումը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության անբաժանելի մասն է եւ նախատեսում է իսրայելական զորքերի դուրսբերում լիբանանյան տարածքից։ Այս մասին, ըստ Իրանի պետական հեռուստատեսության, օտարերկրյա դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը եւ տարածաշրջանային իրավիճակը։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնագիրը կստորագրվի հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։
«Դրանից հետո, ավելի ուշ որոշվելիք վայրում, կսկսվի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ Այդ բանակցությունները կտեւեն 60 օր։ Վերջնական համաձայնագիրը կվերաբերի միջուկային հարցերին եւ պատժամիջոցների վերացմանը»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ համաձայնագիրը նաեւ նախատեսում է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում։
Ավելի վաղ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թել Ավիվը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից, Գազայի հատվածից կամ Սիրիայից։