
«Հրապարակի» զրուցակիցը «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն է: Նրա գլխավորած ուժը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 5 հազար 269 ձայն:
– Ընտրությունների ավարտից հետո ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը հայտարարում են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները եւ այն համարում են ոչ լեգիտիմ: Ի դեպ, մի քանի ընդդիմադիր կուսակցություններ նաեւ հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններն արդար եւ թափանցիկ չեն, ուստիեւ չեն կարող համարվել լեգիտիմ: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասով եւ ինչո՞ւ չեք միացել ընդդիմադիրների հայտարարությանը:
– Նախ ասեմ, որ մենք այդ հայտարարության մասին ընդհանրապես տեղյակ չենք եղել, մեզ ընդհանրապես ոչ ոք չի դիմել, եւ մենք ոչինչ չենք իմացել, իմացել ենք միայն պոստֆակտում: Բայց դրանից բան չի փոխվում, մեր դիրքորոշումը մնում է նույնը, միասին կստորագրենք, թե առանձին կհայտարարենք, դրանից էական բան չի փոխվում, կարեւորն այն է, որ մենք նույնպես այս ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ լեգիտիմ:
– Շատ է խոսվում այն մասին, որ ընտրակեղծարարությունների են դիմել իշխանությունները, ձայներ են կեղծել: Ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս ընտրությունները կեղծվել են, մեծ հաշվով:
– Այս ընտրությունները երրորդ հանրապետության ամենաոչքաղաքական ընտրություններն էին: Այս ընտրություններին չկար որեւէ քաղաքական միտք, չկար օրակարգ, չկար բովանդակություն: Խոսքը վերաբերում է, բնականաբար, թե՛ իշխանությանը, թե՛ տիտղոսակիր ընդդիմությանը: Այդ ողջ ընթացքում` նախընտրական շրջանում ես տեսել եմ բաներ, որոնցից կարող եմ եզրակացնել, որ իշխանությունը ձեւավորել է վախի մթնոլորտ, օրինակ` պատերազմ տեղի կունենա, եթե մենք չընտրվենք եւ այլն: Հասարակության տարբեր շերտեր ուղղակի տեռորի ենթարկվեցին: Մարդիկ, անգամ անհամաձայն լինելով իշխանության հետ, վախից դրդված՝ չէին արտահայտվում, չէին ասում, որ չեն կիսում իշխանության կարծիքը: Մարդիկ անգամ պատերի տակ վախենում են խոսել իշխանություններից: Դրան զուգահեռ, մյուս կողմում ես չտեսա կոնկրետ գաղափար, կար գործընթաց, որի հիմքում ընկած էր ֆինանսը: Գաղափար չկար, միայն ֆինանս: