Գետի այս հատվածում է հայտնաբերվել 7-ամյա աղջկա դին. 13-ամյա աղջկան դեռ որոնում են

Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները. այսօր հունիսի 17-ի վաղ առավոտյան մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 09:30-ի դրությամբ Վանաձոր քաղաքում դեպքը տեղի ունեցած ենթադրյալ վայրից մոտ 500 մետր գետի հունով այլ հատվածում ջրասուզակ փրկարար կողմից հայտնաբերվել և դուրս է բերվել 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի դին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Արտակ Պողոսյանը։

Որոնողա–փրկարարական աշխատանքները նույն տեմպով շարունակվում են ենթադրյալ մյուս տուժածին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս պահին Փամբակ գետը գտնվում է վարար վիճակում, ինչն իր հերթին բավականաչափ դժվարացնում է որոնողա–փրկարարական աշխատանքները, սակայն դա խոչընդոտ չի հանդիսանում այն դադարեցնելու, աշխատանքները նույն թափով շարունակվում են։

Փրկարարների կողմից կիրառվում է մասնագիտական գույք, սարքավորումներ, ընդգրկված են մեծ թվով տեխնիկական միջոցներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակում են նաև ոստիկանության աշխատակիցները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17–ին, ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին հայտնաբերել է Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Հիշեցնենք՝  հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Սկսվել են որոնողական աշխատանքները։ 

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Վանաձորցիները պատմում են, որ խողովակի վրայից անցնելիս փոքր քույրն ընկել է Փամբակ գետը, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *