ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի շարունակման համար, քան Ուկրաինայի ղեկավարությունը, հաղորդում է NBC News-ը։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա, որովհետև ես փորձում եմ կարգավորել իրավիճակը, իսկ դա չի հեշտացնում խնդիրը»,- հայտարարել է նա լրագրողներին։
Նրա հայտարարությունները հնչել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների շրջանակում անցկացված երկկողմ հանդիպման ժամանակ։
Թրամփը հայտարարել է նաև, որ «շատ լավ բանակցություններ» է վարել ինչպես Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
ԱՄՆ նախագահը պատասխանել է նաև Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների հնարավոր վերականգնման մասին հարցին՝ նշելով, որ այդ հարցը դիտարկվում է։ Ըստնրա՝ Վաշինգտոնը հետևելու է, թե որքանով կնվազեն նավթի գները։
Թրամփը հավելել է, որ նավթի գները վերջին օրերին նվազել են այն ֆոնին, որ ԱՄՆ-ն մոտենում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը։ Ավելի վաղ այս տարի Թրամփի վարչակազմը մեղմացրել էր ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մի մասը՝ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված գների աճի ֆոնին։