ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող G7-ի 2026 թվականի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ խոստացել է այցելել Հնդկաստան, ինչը կարող է վկայել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման մասին, հաղորդում է BBC News-ը։
Թրամփը հայտարարել է, որ այցը տեղի կունենա «ապագայում ինչ-որ պահի», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը։
Երկու պետությունների միջև հարաբերությունները հայտնվել էին ճնշման տակ, երբ Թրամփն անցյալ տարի հայտարարեց Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի մասին։ Լրացուցիչ լարվածություն էր առաջացրել անցյալ շաբաթ Օմանի ծոցում ամերիկյան զինվորականների հարվածի հետևանքով երեք հնդիկ նավաստիների զոհվելը։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ հարձակման թիրախն է եղել մի լցանավ, որը կասկածվում էր իրանական նավահանգիստների շրջափակումը խախտելու մեջ։
Հանդիպման ընթացքում Մոդին բարձրացրել է Հորմուզի նեղուցի շրջանում աշխատող հնդիկ նավաստիների անվտանգության հարցը։ Առաջնորդները քննարկել են նաև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք բարդացել էին, երբ ԱՄՆ-ն վերջերս որոշեց ներմուծման նոր սահմանափակումներ մտցնել այն երկրների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, բավարար չափով ակտիվ չեն պայքարում հարկադիր աշխատանքի դեմ։
Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Թրամփը Մոդիին «կոշտ բանակցող» է անվանել և հաստատել է մոտ ապագայում Հնդկաստան այցելելու մտադրությունը։
Պատասխանելով ամերիկա-հնդկական պաշտպանական համագործակցության մասին հարցին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն օգնություն կցուցաբերի Հնդկաստանին հարձակման դեպքում։
«Եթե ինչ-որ մեկը հարձակվի այս մարդու վրա, մենք կողքին կլինենք։ Իսկ ահա եթե նոր առաջնորդ հայտնվի՝ վստահ չեմ»,- ասել է Թրամփը՝ մատնացույց անելով Մոդիին։
Հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերություններում նկատվող բարձր լարվածության շրջանում։ Հնդիկ նավաստիների զոհվելուց և հնդկական անձնակազմերով այլ նավերին հասցված հարվածներից հետո Նյու Դելին երկու անգամ կանչել էր ամերիկյան բարձրաստիճան դիվանագետին՝ բացատրություններ տալու համար։
Ներքաղաքական ասպարեզում Մոդին քննադատության էր ենթարկվում ընդդիմության կողմից, որ ուղղակիորեն չի դատապարտել ԱՄՆ-ի գործողությունները և Վաշինգտոնի հետ երկխոսությունում ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրել։
Հնդկաստանը մնում է աշխարհում նավթի խոշորագույն ներկրողներից մեկը՝ անհրաժեշտ ծավալի մոտ 90%-ը գնելով արտերկրից։ Իրանի շուրջ ռազմական գործողությունները և Հորմուզի նեղուցի փակումը, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդ մասը, լրջորեն անդրադարձել են հնդկական տնտեսության վրա։
Հաջորդ շաբաթ երկու երկրների ներկայացուցիչները պետք է հանդիպեն Նյու Դելիում՝ քննարկելու ապագա առևտրային համաձայնագրի վերջին մանրամասները։ Հնդիկ պաշտոնյաների բնորոշմամբ՝ բանակցությունները թևակոխում են եզրափակիչ փուլ։