Ուժեղ քամին նպաստել է անտառային հրդեհի արագ տարածմանը դեպի ԱՄՆ Վաշինգտոն նահանգի արևելքում գտնվող բնակելի շրջան, ինչի պատճառով իշխանությունները ստիպված են եղել տարհանել մոտ 1500 մարդու, հաղորդում է Associated Press-ը։
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ կրակը ոչնչացրել է մի քանի բնակելի տուն։
Ավերված շինությունների հստակ քանակը դեռևս պարզվում է։ Սփոքան շրջանի թիվ 9 հրշեջ օկրուգի ղեկավար Մեթյու Վինչին հայտնել է, որ մասնագետները շարունակում են գնահատել վնասի չափերը։ Դեռևս երեքշաբթի իշխանությունները հաստատել էին, որ որոշ տներ ամբողջությամբ համակված են եղել բոցերով։
Մոտ 1500 բնակիչների տարհանման հրամանն ուժի մեջ է մնացել նաև չորեքշաբթի։ Սփոքան շրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության փոխտնօրեն Չանդրա Ֆոքսը զգուշացրել է, որ մտահոգություն է առաջացնում օրվա երկրորդ կեսին սպասվող քամու ուժգնացումը։
Հրդեհը սկսվել է երեքշաբթի կեսօրից հետո։ Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Գրեյի՝ սկզբում կրակն արագ բարձրացել է բլրի լանջով, իսկ հետո, քամու ուղղության փոփոխության պատճառով, տարածվել է բնակելի թաղամասի վրա։
Վաշինգտոն և Այդահո նահանգների հրշեջ հաշվարկները կրակի դեմ պայքարել են ինչպես գետնից, այնպես էլ օդից։ Չնայած դրան՝ հրդեհի մակերեսն արագորեն հասել է մոտ 91 հեկտարի։ Չորեքշաբթի առավոտվա դրությամբ հաջողվել է տեղափակել հրդեհի միայն մոտ 10%-ը։
ԱՄՆ Հրդեհների դեմ պայքարի ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ տարեսկզբից ի վեր ԱՄՆ-ում տեղի է ունեցել ավելի քան 32 հազար բնական հրդեհ, որոնք ոչնչացրել են ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
Դա զգալիորեն գերազանցում է վերջին տասը տարվա միջին ցուցանիշները. սովորաբար հունիսի սկզբի դրությամբ գրանցվում էր 24 հազարից պակաս հրդեհ, որոնք ընդգրկում էին մոտ 5700 քառակուսի կիլոմետր։
Մասնագետները միաժամանակ զգուշացնում են առաջիկա շաբաթներին նոր խոշոր հրդեհների բռնկման բարձր ռիսկի մասին։ Առավել վտանգավոր իրավիճակ է սպասվում Կալիֆոռնիայի առանձին շրջաններում, ինչպես նաև երկրի հարավ-արևմուտքում՝ Մեծ Ավազանի և Ժայռոտ լեռների տարածաշրջանում։