Միացյալ Նահանգները հավելյալ կերպով Մեծ Բրիտանիայից Մերձավոր Արևելք է տեղափոխել ամերիկյան հինգերորդ սերնդի 18 F-35A կործանիչ, հինգշաբթի հայտնում է ռազմական Army Recognition պարբերականը։
Դրանք ժամանել են Հորդանանի Մուաֆֆակ Սալթի ավիաբազա, որտեղ Իրանի հետ հակամարտության սկսվելուց առաջ տեղակայվել էր տարածաշրջանում ամերիկյան մարտական ինքնաթիռների ամենախոշոր ավիացիոն խմբավորումը, այդ թվում՝ 30 F-35A կործանիչ։
Այս պահին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տակտիկական ավիացիայի խմբավորումն ունի մոտ 300 մարտական ինքնաթիռ, որոնք տեղակայված են Հորդանանի, Իսրայելի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ավիաբազաներում, ինչպես նաև Արաբական ծովում գտնվող երկու ավիակրի վրա։ Դրանց թվում են F-35A, F-15E, F-16, F/A-18 կործանիչներ, ինչպես նաև A-10 գրոհիչներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանի դեմ գործողությանը։
Բացի այդ, անցած շաբաթ Իրանի դեմ ամերիկյան երկու գործողությունների ֆոնին ԱՄՆ-ը մեծացրել է Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ առաջապահ ավիաբազայում B-1B և B-52H ռազմավարական ռմբակոծիչների խմբավորումը, այնտեղ հավելյալ ժամանել է ևս չորս ինքնաթիռ։
Ներկայում ավիաբազայում գտնվում է 18 B-1B Lancer և ինը B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչ։ Իրանի հետ հակամարտության ընթացքում դրանք ամեն օր օգտագործվել են իրանական առավել կարևոր օբյեկտներին հարվածներ հասցնելու համար, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների տեղակայման, պահեստավորման և արտադրության պաշտպանված վայրերին։
Մերձավոր Արևելք լրացուցիչ ավիացիոն ստորաբաժանումների տեղափոխման նպատակների մասին Պենտագոնը չի հայտնում։