Ալիևը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ նա հայտարարել է, թե «30 տարի շարունակ Ադրբեջանի տարածքները գտնվել են օկուպացիայի տակ և այդ ընթացքում անիմաստ բանակցություններ են ընթացել»։ Նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նա պնդել է, թե իբր «դրանց միակ նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի պահպանումն է»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և ունեին խաղաղության հասնելու ու մեր տարածքներն օկուպացիայից ազատելու մանդատ, չկարողացան ստիպել Հայաստանին լքել ադրբեջանական տարածքները։ Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Ձգտում էինք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ փորձելով մեծ տերություններին բացատրել, որ ճշմարտությունը մեր կողմն է, քանի որ մեր տարածքներն էին օկուպացված։ Ի պատասխան՝ մեզ ասում էին՝ գնացեք ու բանակցեք։ Սա ուղերձներից միայն մեկն էր։ Երկրորդն այն էր, թե այլ լուծում չկա։ Երրորդը՝ որ դուք չեք կարող պատերազմ սկսել, իսկ չորրորդը՝ եթե պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը նաև հերթական անգամ անհիմն կերպով Հայաստանին մեղադրել է հանցագործություններ կատարելու մեջ։

«Տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը, մեր քաղաքներն ու գյուղերը ավերվեցին ու ջնջվեցին երկրի երեսից։ Այս ամենը հանգեցրեց լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի, սակայն Հայաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց։ Այսօր շատ է խոսվում պատժամիջոցների մասին։ Երբ աշխարհի տարբեր ծայրերում այս կամ այն իրադարձություններն են տեղի ունենում, պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Մինչդեռ ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ Հայաստանի դեմ նման քայլեր չձեռնարկվեցին։ Սա երկակի ստանդարտների և հռչակված արժեքների ու իրական քաղաքականության միջև առկա լուրջ հակասության վառ օրինակ է»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանն իբր խաղաղություն է առաջարկել Հայաստանին, չնայած որ «տուժել է օկուպացիայից ու ավերածություններից»․ «Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության մեջ են ապրում և տեսնում են դրա առավելությունները։ Մենք երբեք չենք մոռանա, թե հայկական օկուպացիոն ուժերն ինչ են արել մեր ժողովրդի ու քաղաքների հետ, չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը։ Նրանք մզկիթներում խոզեր և այլ կենդանիներ էին պահում։ Մենք դա չենք մոռանա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *