Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են ընթացիկ տարում պատերազմի ծախսերն ավելացնել ևս 4-5 տրիլիոն ռուբլով, ինչը 40%-ով ավելի է, քան նախատեսված է բյուջեով։ Այս մասին հայտնել են Bloomberg-ի անանուն աղբյուրները։
Bloomberg-ը գրում է, որ ՌԴ իշխանությունները նախատեսում են դրա համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները ներգրավել ներքին շուկայից փոխառություններ կատարելու հաշվին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ խոսքը 2-3 տրիլիոն ռուբլու փոխառությունների մասին է։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Ռուսաստանի բյուջեի ընթացիկ տարբերակում արդեն իսկ առկա ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերը կազմում են 4 տրիլիոն ռուբլի։ Սա ընդհանուր դաշնային բյուջեի մոտավորապես 9%-ն է և պաշտպանությունից, ազգային անվտանգությունից, սոցիալական քաղաքականությունից և տնտեսությունից հետո իր մեծությամբ հինգերորդ ծախսային հոդվածը։
Bloomberg-ը նշում է, որ առանց փոխառությունների հնարավոր չի լինի գոյատևել։ 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ՌԴ բյուջեի դեֆիցիտն արդեն աճել է մինչև 6 տրիլիոն ռուբլի (ՀՆԱ-ի 2,6%-ը)՝ ամբողջ տարվա համար սահմանված թիրախային ցուցանիշը գերազանցելով մոտ 60%-ով։
Հունիսի սկզբին Bloomberg-ը գրել էր, որ Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչները նախազգուշացրել են Վլադիմիր Պուտինին, որ պաշտպանական ծախսերի ներկայիս մակարդակը հանգեցնում է բյուջեի դեֆիցիտի վտանգավոր մեծացման։ Սակայն ՌԴ նախագահը, գործակալության աղբյուրների փոխանցմամբ, Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է հնարավորություններ փնտրել բյուջեի այլ հոդվածներով ծախսերը կրճատելու համար և ձեռք չտալ պաշտպանական ծախսերին։
Հունիսի 10-ին Պետդուման հաստատել է ՌԴ Բյուջետային օրենսգրքի փոփոխությունները, որոնք կառավարությանը իրավունք են տալիս ավելացնել ծախսերը և մեծացնել պետական պարտքը բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափերը։ Պետդումայի բյուջեի և հարկերի հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը, ներկայացնելով նախագիծը, հայտարարել էր, որ «օրենքը շտապ է անհրաժեշտ»։