NEWS.am-ին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վերջին տարիներին գլխավոր դատախազության թիրախում հայտնված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և նրա հանգուցյալ տատի նկատմամբ հարուցված քրեական վարույթից:
Պարզվում է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ հակակոռուպցիոն դատարանն իր որոշումներով վերստին արձանագրել է Արգամ Հովսեփյանի իրավունքների խախտումը՝ պարտավորեցնելով վարույթի հանրային մասնակիցներին վերացնել այդպիսիք: Մինչդեռ դատախազության կողմից չեն կատարվել կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները, և դատարանի որոշումների դեմ դատախազությունը վերաքննիչ բողոքներ է տարել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 30-ին կայացած Բյուրոյի տնօրենի ընտրության մրցույթում Արգամ Հովսեփյանի հաղթող ճանաչվելուց կարճ ժամանակ անց, դատախազության կողմից Արգամ Հովսեփյանի հանգուցյալ տատի տան՝ դատարանի վճռի հիման վրա սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դրանից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբերը, կասեցվել էր Արգամ Հովսեփյանի պաշտոնավարումը, որը Հակակոռուպցիոն դատարանի և վերադաս ատյանների կողմից ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո անգամ անմիջապես չէր վերացվել. 2025 թվականի ապրիլին կայացման պահից օրինական ուժի մեջ մտած այդ դատական ակտի պահանջը դատախազի կողմից կատարվել էր միայն դրա կայացումից 6 ամիս անց:
Սակայն պաշտոնին վերականգնվելուց կարճ ժամանակ անց դատախազությունը նոր՝ առավել զավեշտալի հիմք էր ստեղծել Հովսեփյանի պաշտոնավարումը վերստին կասեցնելու համար:
Մասնավորապես՝ 2003 թվականին դատարանի վճռի հիման վրա Արգամ Հովսեփյանի տատի տան սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ գործով, դատախազության նախաձեռնությամբ նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն: Այդ հիմնավորմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջից կրկին կասեցվել է ինչպես քրեական հետապնդման ժամկետը, այնպես էլ Բյուրոյի տնօրենի պաշտոնավարումը՝ պատճառաբանությամբ, թե նա կարող է ազդեցություն գործել փորձագետների վրա:
Տարօրինակ էր այն հանգամանքը, որ Հայաստանում նմանատիպ փորձաքննություններ իրականացնող այլ մասնագիտացված կառույցների առկայության պայմաններում, փորձաքննությունը նշանակվել էր հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած Բյուրոյում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակը մեկն է՝ արհեստականորեն խոչընդոտել դեռևս 2024 թվականին վերընտրված տնօրենի պաշտոնավարմանը։
Ավելին, նույնիսկ այն բանից հետո, երբ Բյուրոյից դեռ նախորդ տարի գրավոր տեղեկացրել են, որ տվյալ պահին իրենց մոտ նման փորձաքննություն իրականացնելն անհնար է, վարույթն իրականացնող մարմինը փորձաքննությունը չի վերահասցեագրել այլ կենտրոնի և չի վերացրել պաշտոնավարման կասեցումը:
Պարզվում է՝ Արգամ Հովսեփյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել էին ինչպես պաշտոնավարման կասեցումը չվերացնելու մասին որոշումը, այնպես էլ քրեական վարույթի կասեցման որոշումը, որը ևս Հակակոռուպցիոն դատարանի կողմից ոչ իրավաչափ է ճանաչել:
Սակայն կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները դատախազությունը չի կատարել և վերաքննիչ բողոքներ է տարել:
Եվ ահա, պարզվում է, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, օրեր առաջ բեկանել է Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման կասեցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի որոշումը: Նշենք, որ Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը՝ Սարգիս Միրզոյանը, ըստ պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալների, հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա։
Հիշեցնենք, որ նույն այդ կառույցում՝ ԱԱԾ-ում, 2025 թվականի սեպտեմբերից որպես խորհրդական է աշխատում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ Գևորգ Մարգարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, Բյուրոյի տնօրենի պաշտոնում հայտարարված մրցույթում գլխավոր դատախազի աջակցությունը վայելող թեկնածուն էր, սակայն չէր ընտրվել այդ պաշտոնում:
Արդյո՞ք սա զուտ փաստերի համընկնում է, թե՞ գործ ունենք Արգամ Հովսեփյանի դեմ երկու ուժային կառույցների համակարգված գործողությունների և դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության հետ, ցույց կտա ժամանակը:
Արգամ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության տարած երկրորդ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կայացվելու է առաջիկա օրերին: