Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է կրակի ամբողջական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը և Իսրայելը

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ակնկալում է «կրակի ամբողջական դադարեցում բոլոր ճակատներում» և հույս ունի, որ մերձավորարևելյան հակամարտության բոլոր մասնակիցները կպահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները։

Truth Social սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են խաղաղ կարգավորմանը, և տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ բանակցային գործընթացի տապալումը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ են խաղաղությանը, և մենք Մերձավոր Արևելքում բոլորին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին, որպեսզի թույլ տան, որ մեր բանակցությունները հաջողությամբ զարգանան»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա միաժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է «կրակի ամբողջական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, «Հըզբոլլահը» և Իսրայելը»։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսում է 60-օրյա բանակցային շրջանի մեկնարկ՝ վերջնական համաձայնագրի պատրաստման համար։ Փաստաթղթի տեքստում խոսվում է «բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման» մասին։

Այդուհանդերձ, այդ հարցում Իսրայելի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Իսրայելական իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից և այնտեղ կպահպանեն իրենց ռազմական ներկայությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի երկրի անվտանգության ապահովման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *