Հարավային Աֆրիկայի դատարանը դատավճիռ է ընդունել ռնգեղջյուրների եղջյուրների ապօրինի առևտրի՝ աշխարհում խոշորագույն գործերից մեկով՝ ավարտին հասցնելով բազմամյա դատավարությունը, որը տևեց գրեթե երկու տասնամյակ, գրում է The Guardian-ը։
Գործով երկու մեղադրյալներ՝ Դավի Գրունևալդը և Թիլման Էրասմուսը, մեղավոր են ճանաչվել ավելի քան 1700 դրվագներով, դրանց թվում՝ ռնգեղջյուրների ապօրինի որսի, կենդանիներին եղջյուրազրկելու, կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու և փողերի լվացման մեջ։
Ծանր հանցագործությունների հետաքննության հարավաֆրիկյան ստորաբաժանման տվյալներով՝ Գրունևալդը, որին քննիչները համարում են սխեմայի կազմակերպիչ, մեղքի ընդունման մասին համաձայնագրի շրջանակում դատապարտվել է 2 միլիոն ռանդ (մոտ 105 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի կամ չորս տարվա ազատազրկման։ Նրա հանցակիցը դատապարտվել է 100 հազար ռանդ (մոտ 5300 ԱՄՆ դոլար) տուգանքի կամ երեք տարվա բանտարկության։
Հարավային Աֆրիկան մնում է ռնգեղջյուրների բնակության հիմնական տարածաշրջանը. այստեղ է կենտրոնացված կրիտիկական վիճակում գտնվող անհետացող սև ռնգեղջյուրների համաշխարհային պոպուլյացիայի մոտ մեկ երրորդը և հարավային սպիտակ ռնգեղջյուրների ավելի քան 75%-ը։ Միևնույն ժամանակ, Ռնգեղջյուրների միջազգային հիմնադրամի տվյալներով, երկիրը մայրցամաքում որսագողության հիմնական կենտրոնն է, որին բաժին է ընկնում Աֆրիկայում գրանցված բոլոր դեպքերի ավելի քան 80%-ը։
Քննությունը պնդում է, որ 2014 թվականին ԱՄՆ իշխանությունները Գրունևալդին և նրա եղբորը մեղադրել են նաև ամերիկացի հաճախորդների համար կեղծ հիմնավորումներով ապօրինի որսորդական տուրեր կազմակերպելու մեջ։ ՀԱՀ-ում հետաքննությունը սկսվել է 2007 թվականին, իսկ առաջին ձերբակալությունները տեղի են ունեցել 2010 թվականին։
Դատավարության տարիների ընթացքում մեղադրյալների և վկաների զգալի մասը դուրս է եկել գործից, որոնց թվում՝ մահացած և արտագաղթած մասնակիցները, ինչը էապես ձգձգել է գործի քննությունը։
Մի շարք այլ ամբաստանյալների վերաբերյալ դատական քննությունը շարունակվում է, հաջորդ նիստը նշանակված է օգոստոսին։