Մեծ Բրիտանիայում նախկին սահմանապահը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ հօգուտ Չինաստանի լրտեսության մեղադրանքով

Մեծ Բրիտանիայում դատարանը բանտարկության է դատապարտել Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության նախկին աշխատակցին և Հոնկոնգի ոստիկանության նախկին սուպերինտենդանտին՝ Միացյալ Թագավորության տարածքում «այլախոհներին և Պեկինի քննադատներին հետևելու» համար, հաղորդում է Associated Press-ը:

Դատախազության տվյալներով՝ Փիթեր Վայը և Բիլ Յուենը ներկայացել են որպես ոստիկանության կամ հատուկ ծառայությունների աշխատակիցներ՝ հոնկոնգցի ժողովրդավարական ակտիվիստների, ինչպես նաև Չինաստանի նկատմամբ քննադատաբար տրամադրված բրիտանացի քաղաքական գործիչների նկատմամբ հսկողություն իրականացնելու և նրանց մասին տեղեկություններ հավաքելու համար:

Նրանց թիրախների թվում է եղել, մասնավորապես, Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի նախկին պատգամավոր Նաթանիել Լոուն, ինչպես նաև ակտիվիստներ, որոնց իրենց նամակագրության մեջ նրանց «ուտիճներ» են անվանել:

Երդվյալ ատենակալների դատարանն ավելի վաղ երկուսին էլ մեղավոր էր ճանաչել ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու մեջ՝ օտարերկրյա հետախուզությանն օժանդակելու համար։ Բացի դրանից, Փիթեր Վայը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ՝ Հոնկոնգի իշխանություններին հետաքրքրող անձանց մասին տվյալներ փնտրելու նպատակով կառավարական համակարգիչն օգտագործելու համար:

Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Բոբբի Չեմա-Գրաբը Վային դատապարտել է 10 տարվա, իսկ Յուենին՝ 8 տարվա ազատազրկման:

Նա հայտարարել է, որ նրանց գործողությունները կրել են «նպատակաուղղված, համաձայնեցված ու լուրջ բնույթ» և տուժածների շրջանում վախ ու հոգեբանական անհանգստություն են առաջացրել:

Վայը նախկինում ծառայել է Լոնդոնի մետրոպոլիտենի ոստիկանությունում, որից հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայություն: Յուենն աշխատել է որպես վարչական մենեջեր Լոնդոնում Հոնկոնգի տնտեսական և առևտրային ներկայացուցչությունում։

Լոնդոնի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավարը դատապարտվածների գործողություններն անվանել է «իսկապես ցնցող»՝ նշելով, որ նրանք հետապնդել են մարդկանց, որոնք ապաստան էին փնտրում Մեծ Բրիտանիայում և մասնակցում էին Հոնկոնգի ու Չինաստանի իշխանությունների դեմ ժողովրդավարական բողոքի ցույցերին:

Դատավճռի ընդունումից հետո Չինաստանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ։ Չինաստանի դեսպանատունը գործն անվանել է քաղաքականապես մոտիվացված, իսկ Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ մեղադրանքները կապված չեն կառավարության կամ առևտրային ներկայացուցչության հետ, և գործընթացն անվանել են դատական համակարգի չարաշահում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *