ՀՀ կենտրոնական բանկն արդեն հրապարակել է 2026թ․ երկրորդ եռամսյակում գնաճային ընկալումների և սպասումների վերաբերյալ իրականացված հաշվարկները, որոնք հետաքրքիր է ուսումնասիրել ներկայումս Հայաստանի գլխին կուտակվող «ռուսական սև ամպերի» ֆոնին։
Մասնավորապես, հարցումների արդյունքում դիտարկվել է, թե տնային տնտեսությունների տեսանկյունից ինչպիսին են գների ընդհանուր մակարդակի փոփոխության զգացողություններն ու սպասումները։
Պատկերը 2026թ․ երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գների փոփոխությունների մասով հետևյալն է․
Համաձայն ԿԲ ներկայացրած տվյալների՝ հարցված տնային տնտեսությունների 24․9%-ը (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 8․1 տոկոսային կետով) համարել է, որ գների ընդհանուր մակարդակն աճել է բարձր տեմպով, իսկ 45․2%-ը (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 10․3 տոկոսային կետով) ՝ աճել է ցածր տեմպերով։
Հարցվածների 15․1%-ը (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 4․3 տոկոսային կետով) նշել է, որ գների ընդհանուր մակարդակն աճել է շատ բարձր տեմպով։
Այնուհետև դիտարկվել են գնաճի սպասումները գալիք 12 ամիսների համար։ Այդ սպասումների համաձայն` հարցված տնային տնտեսությունների 28․1%-ի (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 1 տոկոսային կետով) կարծիքով գների ընդհանուր մակարդակը կաճի ցածր տեմպերով, իսկ 8․9%-ի (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 4․5 տոկոսային կետով) կարծիքով՝ կաճի բարձր տեմպով։
Հարցված տնային տնտեսությունների 11․3%-ի (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 4 տոկոսային կետով) կարծիքով կմնա նույնը։
Հետաքրքիր է, որ հարցվածների 40․7%-ի (2025թ․ երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0․7 տոկոսային կետով) պարագայում հստակ սպասումներ չկան կամ դժվարանում են պատասխանել։