ՀՀ–ում կավելացնեն ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների մասնակիցների սահմանաչափը՝ 49–ից հասցնելով 99–ի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի/ԱՌԿԱ/ ԱԺ–ն նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներդրումային հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Ինչպես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը, առաջարկվում է ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամի մասնակիցների առավելագույն թույլատրելի քանակը 49-ից հասցնել 99-ի։

«Ոչ հրապարակային հիմնադրամը կարող է ունենալ ոչ ավելի, քան 99 մասնակից։ Եթե այս շեմը գերազանցվի, հիմնադրամը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում կա՛մ վերագրանցվել որպես հրապարակային, կա՛մ կրճատել մասնակիցների քանակը մինչև սահմանված մակարդակը։ Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով»,- ասաց Սիրականյանը։

Նրա խոսքով՝ 49 մասնակցի ներկայիս սահմանաչափն արդեն չի համապատասխանում շուկայի զարգացմանը և հարակից օրենսդրության տրամաբանությանը։ 2020–2024 թվականներին Հայաստանում ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների թիվն աճել է ավելի քան երեք անգամ՝ 36-ից հասնելով 112-ի։

Սիրականյանը նշեց, որ ոչ հրապարակային հիմնադրամի հիմնական հատկանիշը ոչ թե մասնակիցների քանակն է, այլ նրա արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման արգելքը։

«49 մասնակցի ներկայիս շեմը չափազանց խիստ է թվում։ 99 մասնակցի նոր սահմանաչափն ավելի լավ է համապատասխանում կարգավորման գործող համակարգին»,- ասաց փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *