ՍԴ-ն պարտավոր է որոշում ընդունել 15 օրում. ընտրությունների արդյունքները վիճարկող «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը մուտքագրվել է

2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը:

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից: 

«Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»,- ասվում է հաղորդագրությունում: 

Ավելի վաղ NEWS.am–ը տեղեկացրել էր, որ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *