Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար


Հայաստան


Ամառային տապ և ջերմային հարված: Առողջապահության նախարարությունը ուղեցույց է հրապարակել այն մասին, թե նման պայմաններում ինչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար:
 
«Ինչպե՞ս տարբերակել ջերմային հարվածը սովորական թուլությունից
Ջերմային հյուծվածություն (թեթև ձև)՝ ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, ընդհանուր թուլությամբ և մաշկի գունատությամբ:
Ջերմային հարված (ծանր ձև)՝ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40°C և ավելի, իսկ քրտնարտադրության մեխանիզմը սպառվում է, ինչի պատճառով մաշկը դառնում է չոր և տաք։ Ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանիշներ՝ շփոթվածություն, խոսքի խանգարում, գրգռվածություն, իսկ ծանր դեպքերում՝ ցնցումներ և գիտակցության կորուստ:
 
Ովքե՞ր են ռիսկի խմբում
Մինչև 5 տարեկան երեխաները և 65-ից բարձր անձինք (նրանց կենտրոնական նյարդային համակարգն ավելի զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ)։
Քրոնիկ (սրտանոթային, թոքային) հիվանդություններ, գիրություն ունեցող անձինք։
Բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվողները և մարզիկները:
 
Առաջին օգնությունը ջերմային հարվածի նշանների դեպքում
Անհապաղ զանգահարե՛ք շտապօգնություն:
Մինչ բժիշկների ժամանումը՝ տուժածին տեղափոխե՛ք հով, ստվերոտ կամ օդորակիչով սենյակ:
Թուլացրե՛ք կամ հանե՛ք ավելորդ հագուստը:
Արագ սառեցրե՛ք մարմինը՝ օգտագործելով թաց սավաններ, հովհար, օդորակիչ կամ սառը թրջոցներ (հատկապես պարանոցի, թևատակերի և աճուկային շրջաններում):
Ինչպե՞ս կանխարգելել
 
Շոգ եղանակին խմե՛ք շատ ջուր, մի՛ սպասեք ծարավի զգացողությանը: Խուսափե՛ք ալկոհոլից, քանի որ այն խախտում է մարմնի ջերմակարգավորումը:
 
Կրե՛ք բաց գույնի, թեթև և լայն հագուստ:
 
Սահմանափակե՛ք ակտիվությունը, խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:
 
Եթե ընդունում եք քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղեր, խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ, որովհետև իրավիճակով պայմանավորված ցուցումները կարող են տարբեր լինել:
 
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- նշված է հաղորդագրության մեջ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *