Իսրայելի շարունակվող հարվածները Լիբանանին անհապաղ կհանգեցնեն լուրջ հետևանքների, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
«ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները Լիբանանի տարբեր շրջանների դեմ, որոնք հանգեցրել են տասնյակ լիբանանցիների զոհվելուն և վիրավորվելուն, ինչպես նաև քաղաքացիների տների և երկրի ենթակառուցվածքների ավերմանը», – նշվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Նա նախազգուշացրել է Իսրայելի գործողությունների լուրջ հետևանքների մասին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։
ԱՄՆ-ը լիակատար պատասխանատվություն է կրում Լիբանանում իսրայելական ագրեսիայի շարունակման համար՝ համաձայն հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի վաղ կնքված ամերիկա-իրանական հուշագրի , նշել է Բաղաին։
«ԱԳՆ ներկայացուցիչը ստեղծված իրավիճակի համար ուղիղ պատասխանատվությունը վերագրել է ԱՄՆ-ին և, հղում կատարելով 2026 թվականի հունիսի 18-ի պատերազմի դադարեցման մասին հուշագրի 1-ին կետին, որն ուղղակիորեն նախատեսում է Լիբանանում պատերազմի դադարեցումը՝ որպես բոլոր ճակատներում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի անբաժանելի մաս, ընդգծել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր շահերը, անվտանգությունը, իրավունքները և դաշնակիցների իրավունքները», – նշվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։