Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար անհրաժեշտ է վնասազերծել մոտ 80 ական

Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ է վնասազերծել մոտ 80 ծովային ական։ Դրա մասին հայտարարել է լցանավերի սեփականատերերի Intertanko ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆիլ Բելչերը:

Նա հավելել է, որ նեղուցի կենտրոնական մասով անցնող հիմնական նավագնացային երթուղին փակ է մնում ականների բարձր վտանգի պատճառով։

«Վերջին տվյալներով՝ Հորմուզի նեղուցում մոտ 80 ական կա։ Դա շատ մեծ քանակություն է, և դրանց ականազերծման համար ժամանակ կպահանջվի»,- The Guardian-ին տված հարցազրույցում նշել է Բելչերը:

Պարբերականի գնահատմամբ՝ նեղուցի շրջանում այժմ մոտ 600 նավ կա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկսվելուց հետո առևտրային նավերը դադարել են օգտագործել Հորմուզի նեղուցով անցնող պաշտոնական նավուղին։ Իրանը խորհուրդ է տվել անցնել ավելի հյուսիսով՝ Լարաք կղզու մոտով, մինչդեռ նավերի մի մասն ընտրել է հարավային երթուղին՝ Օմանի ափի երկայնքով։

Հունիսի 18-ին Հորմուզի նեղուցով անցել է 25 առևտրային նավ. ապրիլի 18-ից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, դրանց թվում՝ Լիբանանի տարածքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն արդեն մասնակիորեն բաց է և առաջիկա օրերին պետք է ամբողջությամբ վերսկսի աշխատանքը քաղաքացիական նավագնացության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *