
Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն ընտրություններից դժգոհության մի ապացույց են ճանաչում` փողոցային պայքարը: ՔՊ առաջնորդը հեգնում ու հրահրում էր ընդդիմությանը` բա եթե ընտրությունները կեղծվել են, «ինչի՞ եք վեր ընգել ձեր տներում, ինչի՞ փողոցում չեք»:
Իսկ առողջապահության նախարար տիկինը Հանրապետության հրապարակից լայվ է մտնում ու ծաղրում, թե` փորձեցի ընդդիմադիրներին գտնել, չհաջողվեց: Իհարկե, ընտրությունների արդյունքներից դժգոհության ձեւերից մեկը նաեւ փողոց դուրս գալն է` հանրահավաքային պայքարով հանրային բողոք հայտնելը: Բայց հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, այնպես է վարկաբեկել փողոցային պայքարը, իր գործունեությամբ ապացուցել, որ փողոցից եկած իշխանությունն ավելի վատն է, քան տարեցտարի վերարտադրվողը, այնքան է կոտրել հավատը փողոց փակելու ու հանրահավաքներ անելու գործիքակազմի նկատմամբ, որ զարմանալի չէ հանրության այս պասիվությունը: Բայց դժգոհության այլ եղանակներ էլ կան:
Օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն 740 հազար ձայն էր ստացել` ավելի շատ, քան այսօր ՔՊ-ն, մարդիկ անասելի դժգոհ էին, բայց միայն մեկ տարի անց դուրս եկան փողոց: Ավելին` 2017-ին ընտրությունների արդյունքներից դժգոհ չէին անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Ելք» դաշինքը, որոնք 8 տոկոս ձայն ստացան ու դարձան ԱԺ ամենափոքր խմբակցությունը: Եվ չնայած մշտապես խոսում է այդ ընտրությունների կեղծված լինելու մասին, անգամ Սահմանադրական դատարան չդիմեցին: Իսկ երեկ` ընտրություններին մասնակցած 18 ուժից 7-ը դիմել է ՍԴ, եւ դա է արդյունքներից դժգոհ լինելու, դրանց կեղծված լինելու գլխավոր ցուցիչը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա մեր 40-ամյա պատմության մեջ չէր եղել դեպք, որ մի ամբողջ ուժի ապօրինաբար դուրս թողնեին խորհրդարանից: