Իսպանիան պատրաստվում է զբոսաշրջության ոլորտում հերթական ռեկորդային տարվան. օտարերկրյա այցելուների թիվը կարող է առաջին անգամ մոտենալ 100 միլիոնի սահմանագծին: Սակայն երկրի իշխանությունները հայտարարում են ոլորտի զարգացման նոր մոդելի անցնելու մասին՝ հրաժարվելով ավանդական «արև, լողափ և ծովափ» ձևաչափից, գրում է The Guardian-ը։
Արդյունաբերության և զբոսաշրջության նախարար Խորդի Էրեուն հայտարարել է, որ նախկին մոտեցումներն այլևս չեն արդարացնում իրենց՝ զբոսաշրջային հոսքերի աճի, ենթակառուցվածքների գերծանրաբեռնվածության սրվող խնդիրների և կլիմայի փոփոխության հետևանքների պայմաններում։
Նրա խոսքով՝ 2024 թվականին երկիր է այցելել 96,8 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 3,2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ նրանց ծախսերն աճել են 6,8%-ով և հասել 134 միլիարդ եվրոյի։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճի միտումը պահպանվել է. զբոսաշրջիկների թիվն ավելացել է 3,4%-ով, իսկ եկամուտները՝ 6,7%-ով։
Էրեուն նշել է, որ Իսպանիան չի բախվում «գերհագեցվածության» խնդրին, սակայն համակարգը կարգավորման և դիվերսիֆիկացման կարիք ունի։ Որպես հիմնական ուղղություններ՝ նա առանձնացրել է զբոսաշրջային հոսքերի վերաբաշխումը, սեզոնայնության նվազեցումը և երկրի ներքին շրջանների զարգացումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լողափնյա զբոսաշրջության գերիշխող դիրքի թուլացմանը, որին դեռևս բաժին է ընկնում բոլոր ուղևորությունների շուրջ 37%-ը։ Իշխանություններն առաջ են քաշում «հավելյալ տպավորությունների»՝ այսպես կոչված «լողափ պլյուս» գաղափարը, երբ հանգիստը ներառում է նաև մշակութային, գաստրոնոմիական և բնության գրկում անցկացվող երթուղիներ։
Նախարարն ընդգծել է նաև, որ զբոսաշրջության աճը համեմատաբար քիչ հայտնի շրջաններում, ինչպիսիք են Կաստիլիա-Լա Մանչան, Աստուրիան, Գալիսիան և Բասկերի Երկիրը, կարող է խթանել տնտեսական զարգացումը և նվազեցնել արտագաղթը:
Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը նախատեսված պետական ռազմավարությունն ուղղված է «խելացի զբոսաշրջության» զարգացմանը, որը համատեղում է տնտեսական օգուտը սոցիալական և էկոլոգիական կայունության հետ։ Որպես առանցքային տարրեր՝ նա նշել է շուրջտարյա զբոսաշրջության զարգացումը, հոսքերի ավելի համաչափ բաշխումը և կլիմայական ռիսկերին հարմարվողականությունը։
Էրեուն շեշտել է, որ Իսպանիան ձգտում է ոչ թե պարզապես ավելացնել զբոսաշրջիկների քանակը, այլ բարձրացնել զբոսաշրջության որակն ու դրա տնտեսական արդյունավետությունը։